Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:18

ՍԴ-ն կամայականորեն մերժել է ՀՀ գլխավոր դատախազի դիմումի հիման վրա գործի քննությունը՝ հակասելով իր նախկին դիրքորոշմանը

ՍԴ-ն կամայականորեն մերժել է ՀՀ գլխավոր դատախազի դիմումի հիման վրա գործի քննությունը՝ հակասելով իր նախկին դիրքորոշմանը

ՀՀ գլխովոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որում ասված է․ «Ինչպես հայտնվել է՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը 2021թ․ ապրիլի 1-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան՝ որոշելու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործով կիրառման ենթակա՝ մեղադրողի կողմից մեղադրանքը փոփոխելու լիազորությունը սահմանող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նորմերի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը։

ՀՀ Սահմանադրական դատարանը 2021թ․ մայիսի 14-ի աշխատակարգային որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազի դիմումի հիման վրա գործի քննությունը մերժել է՝ գտնելով, որ գլխավոր դատախազն իրավասու չէ դիմել ՀՀ Սահմանադրական դատարան՝ դատական քննության փուլում քննվող քրեական գործով կիրառման ենթակա նորմի սահմանադրությանը համապատասխանության հարցով։ Սահմանադրական դատարանի որոշումը կամայական է՝ հետևյալ պատճառաբանությամբ․ ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն՝ Գլխավոր դատախազը սահմանադրական դատարան կարող է դիմել դատախազության կողմից իրականացվող կոնկրետ վարույթին առնչվող նորմատիվ իրավական ակտերի դրույթների սահմանադրականության հարցերով։ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ Սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Գլխավոր դատախազը Սահմանադրական դատարան կարող է դիմել դատախազության կողմից իրականացվող կոնկրետ վարույթին առնչվող նորմատիվ իրավական ակտերի դրույթների սահմանադրականության հարցերով:

ՀՀ Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-934 որոշմամբ արձանագրել է, որ « (…) դատական քննության փուլում մեղադրանքը պաշտպանելու` դատախազության սահմանադրական գործառույթն իրականացվում է արդարադատության ընդհանուր սկզբունքների, մասնավորապես` մրցակցության սկզբունքի շրջանակներում, և վերջնական որոշում կայացնելու իրավասությամբ օժտված է դատարանը: Ուստի այս փուլում կոնկրետ գործը գտնվում է դատարանի վարույթում, և վերջինս է ՀՀ Սահմանադրությամբ ճանաչվում ՀՀ Սահմանադրական դատարան դիմող սուբյեկտ: Այս ընդհանուր կանոնից կարող են առանձնացվել միայն այն դեպքերը, երբ դատախազը գործի դատական քննության փուլում ինքնուրույն որոշում կայացնելու իրավասությամբ է օժտված: Դա կարող է լինել, օրինակ, մեղադրանքից հրաժարվելիս կամ մեղադրանքը փոխելիս (…)»:

Հարկ ենք համարում շեշտել, որ սահմանադրական դատարանը մեջբերված ՍԴՈ-934 որոշումը կայացրել է հենց ՀՀ գլխավոր դատախազի դիմումի հիման վրա, հենց մեղադրանքը փոփոխելու լիազորությունը սահմանող նորմերի սահմանադրականության հարցով, դրա շրջանակներում անդրադարձել է դատարանում քննվող գործով Գլխավոր դատախազի կողմից սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունը և հաստատել այն՝ նկատի ունենալով, որ պատասխանող կողմը տվյալ գործով այդ հնարավորությունը վիճարկել է։ Նման պայմաններում, Սահմանադրական դատարանը ՀՀ գլխավոր դատախազի դիմումը վարույթ չի ընդունել՝ նշելով, որ վերը մեջբերված ՍԴՈ-934 որոշմամբ արձանագրվել է նաև դատարանում քննվող գործով ՀՀ սահմանադրական դատարան դիմելու՝ ՀՀ գլխավոր դատախազի իրավասությունը իրավակարգավորման ենթարկելու անհրաժեշտությունը, սակայն հետագայում փոփոխված սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով իրավակարգավորումը մնացել է նույնը։

Ավելի պարզ՝ Սահմանադրական դատարանը նախ ուղղակիորեն և անվերապահ կերպով արձանագրել է, որ Գլխավոր դատախազն իրավասու է դատական քննության փուլում քննվող գործով Սահմանադրական դատարան դիմել, եթե վիճարկվող նորմերը վերաբերում են մեղադրողի կողմից իր սահմանադրական գործառույթի իրականացմանը, այդ թվում՝ դրա շրջանակներում մեղադրանքը փոփոխելուն և նշել, որ այդ հանգամանքը ենթակա է օրենսդրական ամրագրման։

Իսկ կայացված աշխատակարգային որոշմամբ սահմանադրական դատարանը, փաստելով, որ սահմանադրական դատարանի որոշման այդ պահանջը օրենսդիր մարմնի կողմից չի կատարվել, այսինքն՝ սահմանադրական դատարանի որոշումն անտեսվել է, գտել է, որ իր կողմից նախկինում կայացված որոշումն այլևս ուժ չունի։ Թեև վստահ ենք, ինքնին, իրավաբանական հանրության համար ակնհայտ է Սահմանադրական դատարանի այս որոշման հակասահմանադրական բնույթը, այդուհանդերձ, հարկ ենք համարում հիշեցնել, որ սահմանադրական դատարանը նմանօրինակ այլ դեպքերում ցուցաբերել է կտրականապես հակառակ մոտեցումը։ Մասնավորապես, Սահմանադրական դատարանը վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշումը պատճառաբանելու անհրաժեշտությունը 2007թ․ ապրիլի 9-ի ՍԴՈ-690 որոշմամբ փաստելուց հետո, նկատի ունենալով, որ հետագայում կատարված օրենսդրական փոփոխություններով այդ որոշման պահանջներն ամբողջությամբ կատարված չեն, այլ գործով 2009թ․ հուլիսի 29-ի ՍԴՈ-818 որոշմամբ կրկին վերահաստատել է իր դիրքորոշումը և կրկին պնդել, որ վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշումը պետք է լինի պատճառաբանված։ Հետևաբար, ՀՀ գլխավոր դատախազի դիմումի հիման վրա գործի քննությունը մերժելու մասին Սահմանադրական դատարանի որոշումը ոչ միայն ուղղակիորեն հակասում է իր նախկինում արտահայտված դիրքորոշումներին, այլև կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ գործով սեփական նախկին դիրքորոշումն անտեսելու, դրա նկատմամբ անհետևողականության, սահմանադրական դատարանի որոշման սահմանադրաիրավական արժեքը նսեմացնելու օրինակը չունեցող, նախկինում երբեք չդրսևորված ակտ է»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+