Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:31

Ավինյանը ՄԱԿ-ի կանանց հանձնաժողովին է ներկայացրել ՀՀ սեռերի միջև հավասարության ռազմավարությունը

Ավինյանը ՄԱԿ-ի կանանց հանձնաժողովին է ներկայացրել ՀՀ սեռերի միջև հավասարության ռազմավարությունը

ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 65-րդ նստաշրջանի շրջանակներում Տիգրան Ավինյանը հանդես է եկել տեսաուղերձով

Մարտի 18-ին ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 65-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդես է եկել տեսաուղերձով: Որպես «Կանանց հարցերով խորհրդի» նախագահ՝ փոխվարչապետը հավաստել է Հայաստանի հանձնառությունը սեռերի միջև հավասարության ապահովման և խտրականության վերացման ուղղությամբ: Նա ներկայացրել է 2019-2023թթ. Հայաստանի՝ սեռերի միջև հավասարության քաղաքականության ռազմավարությունը: Տիգրան Ավինյանը նաև ուշադրություն է հրավիրել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ժամանակ խաղաղ բնակչության թիրախավորման հարցի վրա՝ կարևորելով Արցախի «քաղաքացիական բնակչության համար մարդասիրական օգնության հասանելիության ապահովումը նաև կանանց և աղջիկների կենսական կարիքները հոգալու համար»:

Փոխվարչապետի ամբողջական ելույթը՝ ստորև:

«Հարգելի նախագահ,

Ձերդ գերազանցություններ,

Տիկնայք և պարոնայք,

Ինձ համար պատիվ է ելույթ ունենալ «Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի» 65-րդ նստաշրջանում: Նիստի առանցքային թեման հնարավորություն է ընձեռում մանրակրկիտ քննարկելու առկա անհավասարություններն ու խտրականությունը, որոնց առերեսվում են կանայք քաղաքական և հասարակական կյանքում, ինչպես նաև համավարակի ազդեցությունը կանանց նկատմամբ բռնության մակարդակի վրա, այդ թվում՝ ընտանեկան բռնությունը:
Կանանց իրավունքների պաշտպանությունը և կանանց ու աղջիկների նկատմամբ խտրականության վերացումը Հայաստանի հիմնարար գերակայություններից մեկն է, որը նաև հանդիսանում է 2020-2022թթ. Մարդու իրավունքների խորհրդին Հայաստանի անդամակցության հիմնական կռվանը:

Այս համատեքստում, օրենսդրական բարեփոխումներին զուգահեռ, Հայաստանում այժմ իրականացվում է սեռերի միջև հավասարության խթանմանն ուղղված ծրագրերի լայն շրջանակ: Հայաստանի 2019-2023թթ. սեռերի միջև հավասարության հաստատման քաղաքականության ռազմավարությունը սահմանում է կառավարության առաջնահերթությունները` սեռերի միջև հավասարության հասնելուն միտված որոշումների կայացման գործընթացում, ինչպես նաև գիտության, կրթության և սոցիալ-տնտեսական ոլորտներում կանանց հավասար մասնակցության ապահովման ուղղությամբ:

COVID-19 համավարակի արձագանքման և վերականգնման ծրագրերի շրջանակներում ՀՀ կառավարությունը ձեռնարկել է նպատակաուղղված գործողություններ` մեղմելու ճգնաժամի հետևանքներն առավել խոցելի խմբերի համար` հատուկ ուշադրություն դարձնելով կանանց և աղջիկների կարիքներին:

Հայաստանում սեռերի միջև հավասարության քաղաքականության իրականացումը ազգային, մարզային և համայնքային մակարդակներում դրված է ինստիտուցիոնալ հիմքերի վրա: Որպես համակարգող մեխանիզմ` Հայաստանի Հանրապետության կանանց հարցերի խորհուրդը հանձնառու է ապահովելու կանանց և տղամարդկանց հավասար մասնակցությունը քաղաքական և սոցիալ-տնտեսական գործընթացներին: Ընդգծելով Կայուն զարգացման նպատակներ-5 ծրագրի նշանակությունը և դրա հիմնական թիրախները` Հայաստանը նաև բարեփոխումներ է իրականացրել` տնտեսական ռեսուրսներին կանանց համար հավասար հասանելիություն ապահովելու և կանանց տնտեսական կարողությունների հզորացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղղությամբ:
Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ օտարերկրյա ահաբեկիչ մարտիկների ներգրավմամբ սանձազերծված վերջին ագրեսիան գոյաբանական սպառնալիք է առաջացրել Արցախի բնակչության համար՝ նրանց պաշտպանության հարցը դարձնելով հրատապ գերակայություն: Ադրբեջանի ոչ խտրական և անհամաչափ ռազմական հարձակումները, գնդակոծությունները և ռմբակոծությունները հանգեցրել են քաղաքացիական զոհերի ու զանգվածային տեղահանությունների և մեծ վնաս են հասցրել տարածաշրջանի քաղաքացիական ենթակառուցվածքներին, ներառյալ՝ ծննդատներին ու առողջապահական այլ հաստատություններին:

Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության համար մարդասիրական օգնության հասանելիությունը չափազանց կարևոր է կանանց և աղջիկների կենսական կարիքները հոգալու համար: Անհրաժեշտ է անհապաղ իրականացնել սոցիալական և վերականգնման անհատական ծրագրեր հակամարտության արդյունքում տուժած բոլոր կանանց, այդ թվում` այն կանանց համար, ովքեր ստիպված են եղել փախչել Հայաստան:
Մարդասիրական մեկ այլ հրատապ խնդիր է հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների, այդ թվում` Ադրբեջանի կողմից պատերազմի և հետպատերազմյան շրջանում գերեվարված կանանց անհապաղ վերադարձը:
Հարգելի պատվիրակներ,
Հայաստանը կշարունակի նորարարական մոտեցումներ ցուցաբերել կանանց իրավունքների խթանման և սեռերի միջև հավասարության հասնելու հարցում:

Որպես «Սերունդների հավասարության» ֆորումի «Տեխնոլոգիա և նորարարություն հանուն սեռերի միջև հավասարության» գործողությունների կոալիցիան առաջնորդող երկիր՝ Հայաստանը կօգտագործի ժամանակակից տեխնոլոգիաներ՝ սեռերի միջև հավասարությունը խթանելու համար:

Հայաստանը հանձնառու է հասարակական կյանքում կանանց լիարժեք և ներառական մասնակցության ապահովմանը, ինչպես նաև նրանց իրավունքների պաշտպանությանն ու խթանմանը` վերափոխումներ իրականացնելու և ավելի լավ աշխարհ կառուցելու, ինչպես նաև գալիք սերունդների համար պայծառ ապագա կերտելու համար»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+