ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին։ Armenia Today-ը Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, սահմանադրագետ Վարդան Այվազյանից հետաքրքրվեց խորհրդարանի արձակման և ռազմական դրությունը չեղյալ համարելու ժամկետների մասին։
Հարցին՝ երբ պետք է արձակվի խորհրդարանը՝ Վ․ Այվազյանը նշեց․
«Իմ հաշվարկներով՝ վարչապետի հրաժարականը մոտավորապես ապրիլի 20-ի սահմաններում է լինելու։ Սահմանադրական կարգավորումներով, երբ վարչապետը հրաժարական է տալիս, և եթե 14 օրվա ընթացքում վարչապետ չեն ընտրում, իրավունքի ուժով խորհրդարանն ազատ է արձակվում։ Արդեն դրանից հետո ոչ շուտ քան 30 և ոչ ուշ քան 45 օրվա ընթացքում տեղի է ունենում ընտրություն»։
Ինչ վերաբերում է ռազմական դրության ռեժիմին՝ սահմանադրագետը նշեց․ «Քանի որ խորհրդարանական խմբակցությունների հետ արդեն ընդհանուր հայտարարի են եկել, կառավարության հերթական նիստի ժամանակ ռազմական դրությունը վերացնելու հարցը հինգ րոպեի խնդիր է։ Այսինքն, այս դեպքում սա ավելի շատ տեխնիկական խնդիր է, որը համապատասխան որոշմամբ կվերացնեն»։
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտնել է, որ հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Հիշեցնենք նաև, որ այսօր տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը։ Մինչ այս պահը դեռ ոչ բոլոր քաղաքական ուժերն են հայտարարել իրենց դիրքորոշումը՝ հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







