ՀՀ ՊԵԿ հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսատան բաժանմունքի պետը, հանդիսանալով պաշտոնատար անձ, 2020 թվականի հուլիսի 5-ից մինչ 2021 թվականի մարտի 3-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում, նախնական համաձայնության գալով նույն մաքսային կետի՝ պաշտոնատար անձ հանդիսացող այլ աշխատակիցների հետ, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձանց օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար ստացել են առանձնապես խոշոր չափերով կաշառք, կատարել պաշտոնեական կեղծիքներ, ինչպես նաև շահադիտական դրդումներից ելնելով՝ իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ, չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները՝ էական վնաս պատճառելով պետության օրինական շահերին, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱԱԾ-ն։
«Մշակված հանցավոր սխեմայի կիրառման պայմաններում՝ 2020 թվականի ընթացքում բեռնատար ավտոմեքենաներով Իրանի Իսլամական Հանրապետությունից «Մեղրի» անցակետով մաքսային հսկողությունից թաքցնելով Հայաստանի Հանրապետության տարածք են տեղափոխվել ընդհանուր շուրջ 70,250 տոննա քաշով մետաղե ամրաններ և 23 տոննա քաշով ավտոմեքենաների շարժիչի համար նախատեսված հովացման հեղուկ, այդ գործողությունների դիմաց ստացել են առանձնապես խոշոր չափերի կաշառք»,-նշված է հաղորդագրության մեջ։
ԱԱԾ-ից հայտնում են, որ մի շարք գործողությունների արդյունքում խաթարվել է ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայության բնականոն գործունեությունը, տնտեսվարողը խուսափել է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու և ՀՀ մեծածավալ ապրանքներ ներմուծելու դիմաց օրենքով սահմանված առանձապես խոշոր չափերի՝ մաքսատուրք, ակցիզային հարկ, ավելացված արժեքի հարկ և բնապահպանական վճար վճարելուց՝ այդ կերպ պետության օրինական շահերին պատճառելով էական վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Քրեական գործով կատարված շուրջ մեկ տասնյակից ավելի խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է մաքսանենգ ճանապարհով պարբերաբար Հայաստանի Հանրապետություն բեռներ տեղափոխելու փաստը հավաստող ապացույցների բավարար համակցություն, այդ թվում՝ կեղծ գրառումներ պարունակող պաշտոնեական փաստաթղթեր։
Քրեական գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցության պայմաններում որոշումներ են կայացվել մաքսային բաժանմունքի պետին, տեղակալին, մաքսային բաժանմունքի երկու տեսուչներին, նրանց օժանդակած անձին, բեռնատար ավտոմեքենայի վարորդին, թվով երեք տնտեսվարողներին ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և նույն օրը նրանցից վեցի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ մյուս երեքի նկատմամբ ընտրվել են անազատության հետ չկապված խափանման միջոցներ:
Մանրամասները՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







