2021թ.-ի հունվարին Գյումրիում արձանագրվել է անչափահասների կողմից կամ մասնակցությամբ հանցագործության կատարման երկու դեպք:
Ըստ դրանց առթիվ նախպատրաստված նյութերի՝ մի դեպքում Գյումրու Խաղաղության օղակի այգում 15-16 տարեկան մի խումբ դեռահասների միջև ծագած վիճաբանության և փոխադարձ հայհոյանքներ հնչեցրելու արդյունքում 4 դեռահասներ ձեռքերով հարվածներ են հասցրել իրենց տարեկցի մարմնի տարբեր մասերին, նրա գլխին հարվածել փայտով, ինչի հետևանքով դեռահասի առողջությանը հասցվել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:
Մյուս դեպքում, որը տեղի է ունեցել «Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ-ՊՈԱԿ-ում, 9-րդ դասարանի երկու աշակերտի միջև բջջային հեռախոսից օգտվելու հարցի շուրջ ճագած վիճաբանության ընթացքում նրանցից մեկը մյուսի դեմքին՝ աջ աչքի շրջանում, հարվածել է բռունցքով, ինչի հետևանքով տուժած անձը ստացել է գլխուղեղի ցնցում, նրա առողջությանը պատճառվել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:
Հաշվի առնելով, որ իրենց տարեկիցներին ծեծի ենթարկած դեռահասները խոստովանել են արարքը, զղջացել, խնդրել իրենց չենթարկել պատասխանատվության, որոշումներ են կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ առաջին դեպքում հանցակազմի բացակայության և անձանց արարքը կատարելու պահին քրեական պատասխանատվության ենթարկելու օրենքով նախատեսված տարիքին հասած չլինելու հիմքերով, իսկ երկրորդի դեպքում՝ դիմողի բողոքի բացակայության հիմքով:
Շիրակի մարզի դատախազությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2020թ.-ին մարզի տարածքում փաստացի արձանագրվել է 19 անչափահասի կողմից կատարված հանցագործության 24 դեպք։ 2019թ.-ի համեմատ հանցագործություն կատարած անչափահաս անձանց թիվը նվազել է 2-ով, սակայն դեպքերի քանակն ավելացել է 8-ով:
Մարզի դատախազությունն արդեն իսկ պլանավորել է ընթացիկ տարում ուսումնական և այլ սոցիալական հաստատություններ այցելությունների, հանդիպումների միջոցով առավել ինտենսիվ դարձնել անչափահասների հետ պրոֆիլակտիկ աշխատանքների իրականացումը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







