ՍԴ նախագահի միակ թեկնածու Երվանդ Խունդկարյանը չի ընտրվել, քանի որ նա առաջադրված միակ թեկնածուն էր՝ անհրաժեշտ թվով ձայներ չի ստացել։ Այս մասին աշխատակարգային նիստից հետո ասաց ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը։
Նա հրաժարվեց ասել, թե քանի ձայն է ստացել Խունդկարյանը, սակայն նշեց, որ ընտրվելու համար նրան պետք էր 5 ձայն։
«Թե ով՝ ինչպես է քվեարկել՝ էթիկական առումով ճիշտ չէ ասել, միաժամանակ, քվեարկությունը փակ-գաղտնի է. որտեղի՞ց իմանամ»,- ասաց Շաթիրյանը։
Դիտարկմանը, թե մամուլը գրել է 2 կողմ, 3 դեմ ձայն է եղել՝ Շաթիրյանն ասաց, որ մանրամասներ ներկայացնել չի կարող։ «Ինչ կարևոր է՝ քանի ձայն, կարևոր է, որ անհրաժեշտ 5 ձայնը չի հավաքել։ ՍԴ աշխատակարգին համապատասխան՝ կկազմակերպվեն նոր ընտրություններ ու կառաջադրվեն նոր թեկնածուներ»։
Անդրադառնալով փոխնախագահների ընտրությանը՝ նա ասաց, որ, աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված, նիստն ավարտվեց, սակայն կշարունակվի երկուշաբթի առավոտյան։
Խոսելով թեկնածուին ուղղված հարցերից՝ ասաց, որ իր ուղղած հարցերը մասնագիտական էին ու վերաբերում էին ՍԴ որոշումների կատարմանը։
«Թեկնածուին ուղղվել են մեծաթիվ հարցեր, որոնց մի մասն աղերսներ ուներ քաղաքական բնույթի հարցադրումների հետ»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







