ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում քրեական գործ է հարուցվել ԱԺ նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդու՝ Գուրգեն Արսենյանի նկատմամբ։
Ըստ ՔԿ մամուլի հաղորդագրության՝ գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (ավազակություն) 2-րդ մասի 4-րդ կետով, որը նախաքննության կատարման համար ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին:
Նշենք, որ 2020թ. սեպտեմբերի 9-ին՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գ.Արսենյանի տան խոհարարուհին հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 09:30-ին, Երևան քաղաքի Արաբկիր 38-րդ փողոցում գտնվող առանձնատան խոհանոց է մտել տանտիրոջ՝ Գուրգեն Արսենյանի որդին՝ Գուրգեն Արսենյանը, մոտեցել իրեն և որպես զենք հանդիսացող խոհանոցային 2 դանակներով՝ իր կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, պահանջել ու ստացել է 20.000 ՀՀ դրամ:
Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել և առգրավվել են վերոնշյալ դանակները:
2020թ. սեպտեմբերի 9-ին 1995թ. ծնված Գուրգեն Արսենյանը ձերբակալվել է՝ զենքի գործադրմամբ ավազակային հարձակում կատարելու կասկածանքով: Նախաքննությունը շարունակվում է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







