Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը ներկայացնում է, թե Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված՝ ներկա փուլում վարսավիրանոցները և գեղեցկության սրահները ինչպես պետք է գործունեություն իրականացնեն՝ համաձայն Պարետի որոշման:
Մասնավորապես՝
- Անհրաժեշտ է պահպանել հաճախորդների սպասարկման միջև առնվազն 20 րոպեանոց ընդմիջումներ:
- Սպասարկումից առաջ մուտքի մոտ հարկ է կատարել հաճախորդների ջերմաչափում: Արգելվում է սպասարկել սուր շնչառական վարակների ախտանշաններով՝ ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն ունեցող այցելուներին:
- Աշխատանքի մեկնարկին և ավարտին կատարվում է տարածքի համալիր ախտահանում՝ օգտագործելով առնվազն 70% սպիրտային հիմքով ախտահանիչ միջոցներ: Մանրակրկիտ ախտահանվում են հատկապես շփման բոլոր մակերեսները և հաճախակի օգտագործվող այլ պարագաները։
- Անհրաժեշտ է ապահովել աշխատավայրի մուտքի մոտ ձեռքերի մշակման մաշկային ախտահանիչների պարտադիր առկայությունը և կիրառումը՝ այդ նպատակի համար նախատեսված (առնվազն 70% սպիրտային հիմքով) ախտահանիչների, կոսմետիկ միջոցների կամ ախտահանիչ անձեռոցիկների միջոցով:
- Սրահում իրականացվում է օդափոխություն՝ յուրաքանչյուր 2 ժամը մեկ կամ յուրաքանչյուր այցելուից հետո:
- Յուրաքանչյուր այցելուից հետո իրականացվում է բոլոր տիպի շփման մակերեսների խոնավ մշակում (դռների բռնակներ, աթոռների թիկնակներ, էլեկտրական անջատիչներ և այլն)՝ վիրուսային ռեժիմին համապատասխան ախտահանիչ միջոցների կիրառմամբ:
- Յուրաքանչյուր այցելուից հետո ախտահանել օգտագործված գործիքները՝ վիրուսային ռեժիմին համապատասխան ախտահանիչներով:
- Խորհուրդ է տրվում վարակազերծել օդը՝ կիրառելով մարդկանց ներկայությամբ օգտագործման թույլատրելի մանրէասպան լամպեր։
- Անհրաժեշտ է կազմակերպել սրբիչների և հիգիենայի այլ պարագաների ամենօրյա (աշխատանքից հետո) լվացք մասնագիտացված կազմակերպությունների կողմից՝ համաձայն պայմանագրի կամ համապատասխան պայմանների առկայության դեպքում՝ անմիջականորեն վարսավիրանոցում կամ գեղեցկության սրահում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







