ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի կալանավորման առնչությամբ։
ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ դեռևս 2018 թվականին հաղորդագրություն էր տարածվել ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի կողմից հանցավոր համագործակցությանը մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեղադրանքով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում ներգրավվել էր որպես մեղադրյալ, նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:
Հաղորդվում է, որ Լևոն Սարգսյանը 2019 նոյեմբերի 22-ին հայտնաբերվել է ՌԴ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում և վերցվել է արգելանքի, որից հետո ՀՀ գլխավոր դատախազության միջոցով նախաձեռնվել է վերջինիս հանձնման գործընթացը, իսկ 2020 թվականի օգոստոսի 6-ին նա հանձնվել է ՀՀ իրավապահներին:
Դատարանի կողմից վերահաստատվել է Լևոն Սարգսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշումը:
Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և անհետաձգելի քննչական գործողություններ՝ գործի համար կարևորագույն նշանակություն ունեցող մյուս հանգամանքները, ինչպես նաև հանցավոր արարքի կատարմանն առնչակից այլ անձանց պարզելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







