Արտաշատի ԲԿ-ն հերքել է նորածնի ենթադրյալ վաճառքին հիվանդանոցի աշխատակիցների մասնակցության մասին տեղեկությունը:
ԲԿ-ի հայտարարության մեջ ասվում է, որ նման բան չէր կարող լինել այն պարզ պատճառով, որ՝ «Արտաշատի բազմապրոֆիլ բժշկական կենտրոնը մարտի 31-ից վերապրոֆիլավորվել է ինֆեկցիոն կենտրոնի և սպասարկում է բացառապես կորոնավիրուսային հիվանդությամբ ախտորոշված պացիենտներին, հետևաբար մարտի 31-ից մեր կենտրոնում ծննդօգնություն ծառայությունը չի տրամադրվել, իսկ հաղորդագրության մեջ նշվում է, որ ծննդաբերությունը տեղի է ունեցել հուլիսի 13-ին», — նշված է բժշկական կենտրոնի հայտարարության մեջ:
Ավելի վաղ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, որ ոստիկանության Արտաշատի բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ նույն բաժնի և քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումներով նորածին երեխայի վաճառքի դեպք են բացահայտել։
Մասնավորապես նշվել է, որ հուլիսի 16-ին ոստիկանության Արտաշատի բաժին հրավիրված Բերքանուշ գյուղի բնակչուհու հետ տարված բացատրական աշխատանքի շնորհիվ պարզվեց, որ արտամուսնական կապից հղիանալուց հետո նա Արտաշատի բժշկական կենտրոնի բժշկուհիներից մեկի հետ ձեռք է բերել պայմանավորվածություն, համաձայն որի՝ ծննդաբերությունից հետո նույն բժշկական կենտրոնի մանկաբարձուհու օժանդակությամբ երեխային 2000 դոլարի դիմաց հանձնել երևանաբնակ ամուսինների։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







