Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց Մարտի 1-ի գործով տուժող Սերգեյ Եղիազարյանի ներկայացուցիչ Էդուարդ Ասլանյանի՝ մեղադրանքը պաշտպանող դատախազներին բացարկ հայտնելու միջնորդությունը։
Դատարանը նշեց, որ որոշումը ենթակա չէ բողոքարկման։
Այսօրվա դատական նիստին Ասլանյանը հայտարարել էր, որ մեղադրանքի եզրակացության մեջ ներառված չեն 2008թ մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ մի շարք փաստաթղթեր և ապացույցներ, այդ թվում՝ Եղիազարյանին տուժող ճանաչելու մասին որոշումը։
Ներկայացուցչի խոսքով՝ փաստաթղթերի բացակայության պատճառով տուժողը նույնիսկ զրկվել է աջակցություն ստանալու հնարավորությունից, ինչի մեղավորները նախաքննության ընթացքում վերահսկողություն իրականացրած դատախազներն են։ Ասլանյանի խոսքով՝ մեղադրող կողմը ոչ թե պաշտպանում է տուժող կողմի շահերը, այլ մանիպուլացնում է դրանք։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նկատեց, որ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունից և տուժող ճանաչելու որոշումից բացի կա ևս մեկ չափանիշ՝ տուժողի դիրքորոշումը, որից կախված նա պետությունց հատուցում է ստանում կամ չի ստանում։
Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 28-ին՝ ժամը 13։00-ին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







