«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով կորոնավիրուսի հետևանքով մահացած Սոնիկ Կարապետյանի դիակի կորելուն և վերջինիս մոտից բուժքրոջ կողմից գումար գողանալուն։
Նշենք, որ նախօրեին պարզվել էր, որ կորոնավիրուսի հետևանքով մահանալուց հետո Սոնիկ Կարապետյանի դիակը այլ տեղ է տեղափոխվել և հուղարկավորվել։ Հարցաքննության արդյունքում պարզվել է, որ սանիտարը չի հասկացել բժշկի ձեռագիրը։
Բժշկական կենտրոնն իր կողմից պարզաբանել է, որ Սոնիկ Կարապետյանի դիակը սահմանված կարգով, առանց որևէ անփութության փոխանցել է շտապօգնության ծառայության համապատասխան բրիգադին։
Անդրադառնալով հարազատների պնդմանը, որ տատիկի հեռախոսից բուժքույրն իրեն գումար է փոխանցել, ինչպես նաև տատիկից գումար են գողացել, ԲԿ-ից նշել են, որ իրենք տեղեկացվել են այդ մասին հարազատներից՝ նախքան մամուլում այն հանրայնացնելը։
«Օրենսդրության սահմանած կարգով նշվածի վերաբերյալ հարուցվել է կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթ։ Ենթադրյալ անձը, ինչպես նշում է մահացածի թոռնուհին, բուժքույր չէ, այլ կրտսեր բուժաշխատող՝ մայրապետ։ Բոլոր հանգամանքները պարզելու և հաստատվելու դեպքում վերջինս կենթարկվի կարգապահական պատասխանատվության, ընդհուպ կհեռացվի աշխատանքից։ Վարույթի վերջնական արդյունքների վերաբերյալ մահացածի հարազատները կտեղեկացվեն»-ասվում է ԲԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։