Սահմանադրությամբ կան սուբյեկտներ, որոնք Խորհրդարանի ցանկացած օրենսդրական ակտ կարող են բողոքարկել։ Այս մասին, այսօր՝ հունիսի 23-ին ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը՝ անդրադառնալով ԱԺ-ի կողմից սահմանադրական փոփոխությունների որոշմանը:
Դիտարկմանը, որ այդ օրինագիծը ՍԴ չի գալու, Թոխյանն ասաց.
«Այդ ով որ ասում է, եթե չի գալու դեռ ոչինչ չգիտի։ Սահմանադրությամբ կան սուբյեկտներ, որոնք Խորհրդարանի ցանկացած օրենսդրական ակտ կարող են բողոքարկել։ Բողոքարկելու տեղն էլ ՍԴ-ն է»։
Անդրադառնալով Սահմանադրական փոփոխությունների նախագծին՝ Ֆելիքս Թոխյանն ասաց․
«Եկեք 2 բան տարանջատենք։ Ես փողոցից չեմ եկել այս շենք, եկել եմ այս շենք 1997 թվականին ԱԺ-ի ընտրությամբ, ինձ նախագահը չի ընտրել ես 4 ժամ ԱԺ-ում անցել եմ և ամենաշատ ձայներն եմ հավաքել։ 2005 թվականին իմ ժողովուրդը հաստատել է՝ Թոխյան, դու կարող ես շարունակել այն նույն պայմաններով ինչը 1997 թվականին քեզ նշանակել ենք»։
ՍԴ դատավորը նշեց, որ 2015 թվականին ժողովուրդը նորից եկել է հանրաքվեով նույն պայմանը հաստատել է։
«Թե ինչու՞ է հիմա խորհրդարանը ժողովրդի ասածը փոխի, դա իրենց հարցրեք։ Մենք օրինական ակնկալիքներ ունենք, եթե ինքն իրեն օրինապաշտ է պահում, օրենքները չի խախտում, ապա ինքն իրավունք ունի իքս տարին մինչև աշխատել»։
Խոսելով հանրաքվեի մասին՝ Թոխյանը նշեց, որ առանց ՍԴ եզրակացության՝ միանշանակ չէր կարելի դնել սահմանադրական հանրաքվեի:
«Ինչ վերաբերում է շահերի բախմանը, վենետիկցիները գրել են՝ ոչ մի շահերի բախում չկա: Ինչո՞ւ դրա մասին չեն ասում: Շատ մարդիկ իրենց խելոք են զգում, իրենց մեզ տեղն են դնում, հետո էլ որոշում են, թե մենք ինչ կարող ենք որոշել, հետո էլ ասում են՝ շահերի բախում է: Նախ, ուղղակի գրագետ չեն նման բան ասողները: ՍԴ-ն ցանկացած հարց առաջին հերթին նայում է ընթացակարգային խախտումների տեսակետից», — ասաց ՍԴ դատավորը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







