Հայաստանի Գլխավոր դատախազությունը պատասխանել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության փաստարկներից մեկին։
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Facebook-ի իր էջում գրել է, որ արդեն մի քանի օր է, ինչ շահարկումներ են տեղի ունենում այն պնդման շուրջ, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում ընտրակաշառքի գործով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից նախաքննության վարումն անօրինական է:
Նշվում է, որ գործով որպես մեղադրյալ ներգրավված է ԱԺ պատգամավորը, ով քրեական դատավարության օրենսգրքի իմաստով Հատուկ քննչական ծառայության սուբյեկտ է:
Աբրահամյանը նշել է, որ Ընդհանուր իրավասության դատարանը Ծառուկյանին կալանավորելու միջնորդության շրջանակներում չի անդրադարձել այդ հարցին: Գլխավոր դատախազության ներկայացուցչի խոսքով ՝ այս հարցում օրենսդրության հետ որևէ հակասություն չկա։
Աբրահամյանն ընդգծել է, որ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ դատախազը բացառիկ իրավունք ունի քրեական գործը նախաքննության մեկ մարմնից մյուսին փոխանցելու՝ բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունն ապահովելու համար:
Գլխավոր դատախազի խորհրդականը նշել է, որ նշված դրույթը գործի փոխանցման համար որեւէ նախապայման կամ սահմանափակում չի նախատեսում եւ դատախազի նշված լիազորությունների կատարումը պայմանավորված է բացառապես բազմակողմանի եւ օբյեկտիվ քննություն ապահովելու անհրաժեշտությամբ:
Նշենք, որ ավելի վաղ Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը հայտնել էր, որ պաշտպանական կողմը փորձում է հիմնավորել, որ իր պաշտպանյալի դեմ գործը քննվում է ԱԱԾ-ում ապօրինաբար և ենթակա է քննության հատուկ քննչական ծառայության կողմից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







