Դատարանը մերժել է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը, նա կմնա ազատության մեջ։ Այս մասին դատարանի նիստից հետո լրագրողներին հայտնել է փաստաբան Երեմ Սարգսյանը։
«Ուրախ եմ, որ դատարանն իր մեջ ուժ գտավ վեր բարձրանալ քաղաքական գործընթացներից», — հայտարարել է փաստաբանը: Նա նշել է, որ պաշտպանական կողմը դեռ չի ծանոթացել դատարանի որոշման տեքստին և չի պատասխանել դատավճռի հիմքերի մասին հարցին:
Փաստաբանը կարծիք հայտնեց, որ դատախազությունն ու քննչական մարմինները, հավանաբար, կբողոքարկեն Ծառուկյանին չկալանավորելու դատարանի որոշումը: Սարգսյանը նաև նշել է, որ գործի իրավական գործընթացը շարունակվելու է։
Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում ընտրողներին կաշառելու մեջ։ Բացի այդ, ԱԱԾ-ն Ծառուկյանի հետ կապված ևս 2 գործ է հարուցել։
Դրանցից մեկում խոսքը գնում է ապօրինի ձեռնարկատիրական գործունեության մասին, որն առնչվում է ԲՀԿ առաջնորդին պատկանող խաղատներին և ժամանցային-խաղային կենտրոններին։ Մեկ այլ գործ էլ կապված է Կոտայքի մարզում հողամասերի ապօրինի օտարման եւ պետությանը վնաս հասցնելու ենթադրյալ դեպքերի հետ։
Հայաստանի խորհրդարանը հունիսի 16-ին միաձայն բավարարել է Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և նրան կալանավորելու գլխավոր դատախազի միջնորդությունները: Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները բոյկոտեցին քվեարկությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







