Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն այսօր, ԵԽ Նախարարների կոմիտեին ներկայացնելով Հանձնաժողովի 2019 թվականի գործունեության մասին զեկույցը, անդրադարձել է նաև Հայաստանի հետ Հանձնաժողովի համագործակցությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
«Պարոն Բուքիքիոն, մասնավորապես, նշել է, որ երկու անդամ պետություններում՝ Հայաստանում և Մոլդովայում, օլիգարխիկ ռեժիմներ են տապալվել»,-նշել է Բադասյանը, ապա մեջբերել է Բուքիքիոյի խոսքերը.
«Մենք (Հանձնաժողովը) աջակցում ենք այս երկու պետություններին՝ ժողովրդավարական համակարգեր ձևավորելու իրենց ջանքերում։ Մարտահրավերներից մեկը, որը հատկապես վերաբերում է Հայաստանի, բայց նաև Մոլդովայի իշխանություններին, վերաբերում է մի կողմից ժողովրդի ակնկալիքները բավարարելուն և երկրում իրական փոփոխություններ բերելու անհրաժեշտությանը, իսկ մյուս կողմից՝ իրավական կայունության պահանջներն ու օրինականության չափորոշիչները պահպանելու միջև ճիշտ հավասարակշռություն ապահովելուն: Հիմա՝ այս շաբաթվա մեր նստաշրջանում, մենք հաստատելու ենք շուրջ 10 առավելապես բարդ և զգայուն կարծիքներ»։
Ըստ Բադասյանի՝ այս կարծիքներն, ի թիվս այլ հարցերի, վերաբերում են Սահմանադրական դատարանի բարեփոխման առաջարկին և Հայաստանում սահմանադրական կարգի տապալման քրեական հանցագործության հարցերին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







