Վերաքննիչ քրեական դատարանը ՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, քիչ առաջ հետաձգեց Մարտի 1-ի գործով առանցքային ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ փաստաբանների բողոքի քննությունը։
Դատական հաջորդ նիստը կկայանա հունիսի 17-ին՝ 13։30-ին։ Նշենք, որ ամբաստանյալ Քոչարյանը չէր մասնակցում այսօր դատական նիստին: Նա գտնվում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում, որտեղ մնալու է մինչև կորոնավիրուսի համավարակի ավարտը:
Հիշեցնենք՝ Քոչարյանի փաստաբանները ներկայացրել էին Ռ․ Քոչարյանի կալանավորումը ՀՀ և Արցախի նախկին վարչապետերի անձնական երաշխավորությամբ փոխարինելու, կալանքը վերացնելու և նրա նկատմամբ գրավը թույլատրելի ճանաչելու միջնորդությունները։
Ռոբերտ Քոչարյանի համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել Հայաստանի նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։ Մայիսի 13-ին դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ միջնորդությունները մերժվել էին, որի դեմ էլ պաշտպանական կողմը վերաքննիչ բողոք էր ներկայացրել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







