«Լիդիան Արմենիան» հայտարարություն է տարածել՝ ներկայացնելով, որ ընկերության գործունեության և Ամուլսարի ծրագրի ապագայի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:
«Այսօր իրավաբան-ակտիվիստ Նազելի Վարդանյանն Ազգային ժողովի Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված և նրանց կողմից ընդունված ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը և արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում հայտարարել էր, որ «…հավանաբար շուտով զրոյացվի Ամուլսարի հանքն իրենց (ընկերության) հաշվեկշռում»,-հայտնում են ընկերությունից։
«Այս կապակցությամբ հայտնում ենք, որ Ամուլսարի ծրագիրը շարունակում է մնալ «Լիդիան Արմենիայի» 100% սեփականությունը, ընկերությունը շարունակում է տիրապետել հանքի շահագործման բոլոր իրավունքներին և ծրագրում է վերսկսել աշխատանքները Ամուլսարում՝ ավարտին հասցնելով հանքի շինարարությունը»,-հայտարարել է ընկերությունը։
Ընկերությունը հիցեցնում է, որ ընդամենը մեկ օր առաջ ՀՀ առաջին ատյանի դատարանը Նազելի Վարդանյանի կողմից «Լիդիան Արմենիայի» վերաբերյալ նախկինում արված հայտարարությունները որակել է որպես զրպարտություն և պարտավորեցրել հերքել դրանք: «Ընկերության իրավաբանական թիմը կդիտարկի Նազելի Վարդանյանի դեմ ևս մեկ հայցի ներկայացման նպատակահարմարությունը, քանի որ Նազելի Վարդանյանը շարունակում է տարածել ապատեղեկատվություն և անել անտրամաբանական հայտարարություններ՝ մոլորեցնելով հանրությանը»,-ասված է հայտարարության մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







