Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ հարուցված քրեական գործի հետ կապված, նախաքննության գաղտնիության սահմանները հաշվի առնելով, թույլատրելի շրջանակներում՝ ՊԵԿ-ը տեղեկատվություն տարածում է՝ հաշվի առնելով հանրային իրազեկվածության պահանջը և հանրային հետաքրքրության բարձր աստիճանը: Այս մասին, այսօր՝ հունիսի 11-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը՝ առաջարկելով բավարարվել այդ ծավալով։
«Մինասյանի կողմից ենթադրյալ թույլ տրված արարքների վերաբերյալ մեր հաղորդագրությունում պատշաճ տեղեկատվություն տրամադրված է»,-ասաց Հովհաննիսյանը:
Հարցին, թե արդյոք իրենք պատրաստվում են բողոքարկել Մինասյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը վերացնելու վերաքննիչ դատարանի որոշումը՝ Էդվարդ Հովհաննիսյանը պատասխանեց.
«Նախ վարույթ իրականացնող մարմինը դեռևս չի ստացել Վերաքննիչ դատարանի կողմից կայացված որոշման օրինակը, հետևաբար հստակ հիմքերին և հետագա գործողութուններին անդրադառնալը դեռ վաղ է: Որոշումը ստանալուց և դրան ծանոթանալուց հետո համապատասխան ընթացքը կտրվի: Վերաքննիչ դատարանը, ըստ նախնական տեղեկությունների, կալանքի վերաբերյալ միջնորդության հարցը վերադարձրել է առաջին ատյանի դատարան՝ նոր քննության»,- ասաց ՊԵԿ նախագահը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







