«Մարտի 1-ի» գործով քննությունը տեղում չի դոփում։ Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։
«Գործը «տեղում չի դոփում, նախաքննություն է իրականացվում, որոնց մասին չեմ ցանկանում խոսել»,-ասաց Խաչատրյանը։
Դիտարկմանը՝ ինքնաձիգի պարկուճների փոփոխմամբ դժվարացել է «Մարտի 1-ի» գործի բացահայտումը, ՀՔԾ պետն ասաց. «Իսկ ո՞վ է ասել, որ միայն ինքնաձիգից են սպանվել։ Ըստ նախաքննության տվյալների փոխվել են ոչ միայն ինքնաձիգի պարկուճները, այլ նաև «Մակարոն» տեսակի ատրճանակի պարկուճները»։
Հարցին՝ արդյոք «Մարտի 1-ի» առանձնացված գործով սպանությունների վերաբերյալ նոր մեղադրյալներ ներգրավվե՞լ են, Խաչատրյանն ասաց, որ այս պահին էլ ներգրավվածներ կան։
Խաչատրյանը նաև հերքեց այն տեղեկությունները, որ իրեն պատրաստվում են որ պաշտոնի նշանակել․ «Ո՞վ է ասում։ Այդ տեղեկությունները, ով որ տարածում է, նրան հարցրեք»։
Հարցին՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտնի գործի արդարացնող դատավորն արդյոք իր հա՞յրն է եղել, Սասուն Խաչատրյանն ասաց. «Դուք ինձ տալիս եք 2 հարց, որից մեկը քաղաքական բնույթի է, մյուս էլ անձնական բնույթի. ոչ քաղաքական, ոչ անձնական հարցի չեմ պատասխանելու»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







