Գեղարքունիքի մարզում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել, Armenia Today-ին հայտնել են Քննչական կոմիտեից։
ՔԿ-ից մանրամասնել են, որ քրվարույթը նախաձեռնվել է անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հոդվածի հատկանիշներով։ Նշենք, որ հատկանիշները սահմանված են Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 3-րդ կետով, որով առավելագույնը մինչև 7 տարվա ազատազրկում է նախատեսվում։
Ավելի ուշ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմից հայտնել են, որ ուսումնասիրություն են իրականացնում ինչպես Գեղարքունիքի մարզի դպրոցում, այնպես էլ Արմավիրի մարզի Մեծամոր գյուղի միջնակարգ դպրոցում սովորողների նկատմամբ բռնության վերաբերյալ դեպքերի առնչությամբ։ Մեծամորի դեպքի մասին ավելի վաղ գրել էր «Խոսնակ» լրատվականը՝ նշելով, որ երկու ուսուցիչ, ըստ երեխայի ծնողների, բռնություն էին կիրառել 11-ամյա աշակերտի նկատմամբ։ Քննչական կոմիտեից ավելի ուշ Armenia Today-ին հայտնել են, որ Մեծամորի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ հոգեկան ներգործության հատկանիշներով (Քրեական օրենսգրքի 194-րդ հոդված, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 2 ամսով-խմբ․)։
ՄԻՊ Անահիտ Մանասյանը խիստ մտահոգիչ և անընդունելի է համարել դեպքերը՝ ընդգծելով, որ դպրոցական միջավայրում երեխայի նկատմամբ բռնության ցանկացած դրսևորում պետք է բացառվի։ Նա նաև նշել է, որ ՄԻՊ աշխատակազմը շարունակում է դպրոցական միջավայրում երեխաների նկատմամբ բռնության և ոչ պատշաճ վերաբերմունքի վերաբերյալ այլ բողոքներ ու ահազանգեր ստանալ։
Պաշտպանը նաև հորդորել է առանձնահատուկ զգուշավորություն ցուցաբերել երեխաներին վերաբերող տեսանյութեր և այլ հրապարակումներ տարածելիս՝ հաշվի առնելով նրանց անձնական կյանքի, արժանապատվության և լավագույն շահի պաշտպանությունը։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից (ԿԳՄՍՆ) ավելի ուշ տեղեկացրել են, որ առաջիկայում իրավական գործընթաց կսկսեն՝ Գեղարքունիքի դեպքով ուսուցչուհուն մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու նպատակով։
ԿԳՄՍՆ-ից նաև պարզաբանել են, որ դեպքը տեղի էր ունեցել Գեղարքունիքի մարզի Վարդաձորի դպրոցում։ Նախարարությունը դիմել է Ներքին գործերի նախարարություն, Կրթության տեսչական մարմին և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն՝ դեպքը բազմակողմանի ուսումնասիրելու համար։
Գեղարքունիքի դպրոցի դեպքի մասին հոկտեմբերի 6-ին հայտնել էր Shamshyan.com-ը՝ նաև հրապարակելով դեպքը վկայող տեսանյութ, ուր ուսուցչուհին հարվածում էր երեխային։
Կայքի տվյալներով՝ դեպքը տեղի էր ունեցել սեպտեմբերի 30-ին։ Աշակերտուհու հարազատները պնդել էին, որ ուսուցչուհին դասարանում հարվածել էր երեխային, ինչից հետո նա վախեցած դուրս էր վազել դասասենյակից։
Ըստ հարազատների՝ ուսուցչուհին երեխային վերադարձրել էր դասարան և կրկին հարվածել նրան, ինչից հետո երեխայի ինքնազգացողությունը վատացել էր։ Հարազատները պատմել են, որ երեխայի պարանոցին և ձեռքերին հետքեր էին մնացել, աչքերն ուռել էին, և նա մի քանի օր վախից դպրոց չի հաճախել։
Դպրոցի տնօրեն Գևորգ Ներսիսյանն «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ դեպքն անթույլատրելի է համարում։ Նրա խոսքով՝ ուսուցչուհին 30 տարվա մանկավարժ է։ Հարազատները լրատվամիջոցին հայտնել են, որ աղջիկը մինչ օրս դպրոց չի հաճախում, իսկ փողոցում ուսուցչուհուն տեսնելով՝ վախեցած տուն է փախչում։
Shamshyan.com-ի տվյալներով՝ դպրոցի ղեկավարությունը դեպքի մասին տեղեկացել էր հոկտեմբերի 1-ին։ Երեխայի հարազատի պնդմամբ՝ ուսուցչուհին հերքել է բռնություն կիրառելու հանգամանքը։ Ընտանիքն ի սկզբանե ոստիկանություն չի դիմել, քանի որ աղջկա մայրը չի ցանկացել, որ ուսուցչուհու նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի, սակայն պահանջել է նրան հեռացնել երեխաների հետ աշխատանքից։
Shamshyan.com-ը նաև հայտնել է, որ ընտանիքը դիմել է Գեղարքունիքի մարզպետարան, որտեղ, հարազատների խոսքով, պատասխանել են, որ մեկ ծնողի բողոքը բավարար չէ ուսուցչին աշխատանքից ազատելու համար, և անհրաժեշտ է առնվազն յոթ ծնողի բողոք։ Հարազատը նաև պնդել է, որ դեպքից հետո ուսուցչուհին ծնողական ժողով է անցկացրել և ծնողներին հորդորել երեխաներին ասել, որ իրենք ոչինչ չեն տեսել և չեն լսել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







