«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը չի բացառել քաղաքական իր թիմի ներկայացուցիչների նկատմամբ քրեական նոր վարույթների նախաձեռնումը։ Նա այս մասին հայտարարել է ասուլիսում՝ պատասխանելով Armenia Today-ի հարցին։ Քոչարյանի, խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի և փաստաբան Հովհաննես Խուդոյանի ասուլիսը՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։
Քոչարյանը հոր՝ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական վարույթը «կատարյալ անհեթեթություն» է անվանել։ Նրա խոսքով՝ քաղաքական թիմի մի շարք ներկայացուցիչների նկատմամբ արդեն տարբեր հայտնի քրեական և քաղաքացիական վարույթներ են ընթանում, այդ թվում՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով։
«Ես ոչինչ բացառել չեմ կարող»,- նշել է Քոչարյանը՝ պատասխանելով թիմի ներկայացուցիչների նկատմամբ քրեական նոր վարույթների հնարավորության մասին հարցին։
Նա նշել է, որ թիմը մտադիր չէ ճնշումների պատճառով փոխել քաղաքական իր դիրքորոշումը։
«Մեր թիմը որևէ ճնշման տեղի չի տալիս, և հենց դրա համար ենք խնդիր իրենց (իշխանության) համար, քանի որ չենք նահանջում, հետ չենք կանգնում և չենք փորձում ինչ-որ ձևով հետները պայմանավորվել։ Բոլոր նման առաջարկներին կտրուկ բացասական պատասխաններ են տրվում։ Ինչ քրեական գործ, ինչ ուզում է լինի, միևնույն է, հետ չենք կանգնելու մեր ճանապարհից։ Եթե մեր նպատակը լիներ պարզապես կոմֆորտ կյանք ունենալը, վստահաբար թե՛ մեր ընտանիքը, թե՛ իմ գործընկերներն այդ կոմֆորտ կյանքով կապրեին»,- հայտարարել է պատգամավորը։
Քոչարյանը նաև պնդել է, որ իր ընտանիքի հետ կապվող ընկերությունների գործունեության համար խոչընդոտներ են ստեղծվում։ Նրա խոսքով՝ եթե ընկերությունների գործունեության հետ կապված հարկային խնդիրներ կան, դրանք պետք է լուծվեն օրենքով նախատեսված ընթացակարգերով և չպետք է հանգեցնեն բիզնեսի գործունեության դադարեցման։
Պատգամավորը դիմել է նաև իրավապահներին՝ կոչ անելով չկատարել այնպիսի հանձնարարություններ, որոնք համարում է ապօրինի։ Նա նշել է, որ նման գործողությունների համար հետագայում կարող է պատասխանատվություն առաջանալ, և դատաիրավական համակարգին հորդորել է գործել օրենքի շրջանակում։
Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը հայտարարել է, որ նախկին նախագահի նկատմամբ այս ընթացքում կայացված որոշումները բողոքարկման փուլում են։ Նրա խոսքով՝ պաշտպանությունն ակնկալում է, որ հաջորդ ատյանների դատարանները «կառաջնորդվեն օրենքի տառով»։
«Կայացված որոշումները դիտարկում ենք որպես ակնհայտ ապօրինի և հանցավոր»,- ասել է Խուդոյանը՝ պնդելով, որ քրեական նոր հետապնդումների ընթացքում օրենքի խախտումներն ավելի կոպիտ են դարձել և ուղեկցվում են մարդու իրավունքների «տոտալ անտեսմամբ»։
Փաստաբանը հայտնել է, որ պաշտպանությունը մտադիր է օգտագործել իրավական պաշտպանության բոլոր հնարավոր միջոցները՝ չբացառելով նաև միջազգային ատյաններ դիմելը։ Նրա խոսքով՝ որպես կանոն, դրա համար նախ անհրաժեշտ է սպառել ներպետական պաշտպանության միջոցները, եթե չկան հրատապ հանգամանքներ՝ կյանքին կամ առողջությանն սպառնացող վտանգ կամ խոշտանգման ռիսկ։ Բացառություն կարող է լինել նաև այն դեպքը, երբ հնարավոր է հիմնավորել ներպետական պաշտպանության միջոցների անարդյունավետությունը։
Խուդոյանի խոսքով՝ պաշտպանությունը կարող է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) կամ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) համապատասխան կառույց։ Սակայն որոշ դեպքերում մի կառույցին դիմելը կարող է բացառել մյուսին դիմելու հնարավորությունը։
Քոչարյանը նաև հայտնել է, որ «Հայաստան» դաշինքը կմասնակցի աշնանը մի շարք համայնքներում կայանալիք ՏԻՄ ընտրություններին։ Որոշ դեպքերում թեկնածուները կառաջադրվեն ոչ թե դաշինքի, այլ դրա կազմում ընդգրկված ՀՅԴ-ի և «Առաջ» կուսակցության կողմից։ Նրա խոսքով՝ մասնակցության որոշում կկայացվի այն համայնքներում, որտեղ թիմը հաջողության հասնելու իրական հնարավորություն կտեսնի։
Քոչարյանների բնակարաններում, ինչպես նաև նրանց պատկանող և փոխկապակցված ընկերություններում օգոստոսի 25-ի խուզարկություններից հետո Ռոբերտ Քոչարյանի, նրա որդու՝ Սեդրակ Քոչարյանի և ևս 3 անձի նկատմամբ կալանք էր կիրառվել։ Նախկին նախագահին մեղադրում են պաշտոնավարման տարիներին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և փողերի լվացման հոդվածներով, Սեդրակ Քոչարյանին՝ նույն տարիներին նշված ենթադրյալ արարքներին օժանդակելու հոդվածներով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







