ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվել է, հայտնել է նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
Նա տեղեկացրել է, որ դատարանն ամբողջությամբ բավարարել է քննիչի միջնորդությունը։
Դատարանի որոշմամբ սահմանափակվել է նաև նրա տեսակցությունների իրավունքը՝ բացառությամբ կնոջ և երեխաների հետ հանդիպումների։
«Թեև դատավորը որոշման տեքստը պաշտպանական կողմին դեռևս չի տրամադրել, սակայն արդեն իսկ կարելի է արձանագրել, որ գործ ունենք արտաիրավական հետապնդման հետ։ Բոլոր դեպքերում, ներկայացված դրվագներով վաղեմության ժամկետներն արդեն իսկ սպառված են, իսկ որոշ ձևակերպումներ պարզապես մտածածին են»,- նշել է Կոչուբաևը։
Ըստ նրա՝ որպես կալանավորման հիմք ներկայացվել է վարույթին խոչընդոտելու ռիսկը, ինչը պաշտպանական կողմն անհիմն է համարում՝ հաշվի առնելով, որ խոսքը 2004, 2006 և 2010 թվականներին կնքված գործարքների մասին է։
«Խոչընդոտման ռիսկը պետք է լինի առարկայական, պարզ չէ, թե տասնամյակներ առաջ տեղի ունեցած գործարքների պարագայում մեղադրյալն ում կարող է խոչընդոտել կամ ինչի նկատմամբ»,- նշել է Կոչուբաևը։
Փաստաբանը մեկնաբանել է Հակակոռուպցիոն կոմիտեի վարկածը, ըստ որի՝ գործով քննվող գործարքները կատարվել են հանցավոր ճանապարհով, իսկ Քոչարյանն օժանդակել է պաշտոնատար անձանց՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն։
«Այդպես էլ անպատասխան են մնում կարևորագույն հարցերը՝ կոնկրետ ո՞ր պաշտոնյային, ի՞նչ եղանակով և ի՞նչ գործողություններով է նա օժանդակել»,- ասել է Կոչուբաևը։
Նա նշել է, որ պաշտպանական կողմը դատարանի որոշումն ստանալուց և ուսումնասիրելուց հետո բողոքարկելու է այն։
Ավելի ուշ նույն վարույթով դատարանը որպես խափանման միջոց բացակայելու արգելք է կիրառել ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ։ Armenia Today-ը տեղեկացել է նրա փաստաբան Ամրամ Մակինյանից։
ԶԼՄ-ներին Հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացրել են նաև, որ գործով անցնող ձերբակալված 6 անձանցից ևս 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ մեղադրյալներից ևս մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը։
Փաստաբանի խոսքով՝ որոշումն անպայման բողոքարկվելու է, քանի որ, իր գնահատմամբ, այն պատճառաբանված և հիմնավորված չէ։
Քոչարյանների բնակարաններում և նրանց հետ փոխկապակցված ընկերություններում օգոստոսի 25-ին իրականացված խուզարկություններից հետո Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանները ձերբակալվել էին։ Կապարակնքվել էին նաև Քոչարյանին առնչվող ընկերություններ, ձերբակալվել էր 4 նախկին ու ներկա տնօրեն։
Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք էր առաջադրվել իր պաշտոնավարման տարիներին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և փողերի լվացման համար։ Սեդրակ Քոչարյանին՝ նույն տարիներին առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու հոդվածներով։
Նույն քրեական վարույթով մեղադրյալի կարգավիճակ ունի նաև Սարգսյանը։ Նրան մեղադրում են Քոչարյանի կառավարման տարիներին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Գործով, ընդհանուր առմամբ, անցնում է 10 անձ, այդ թվում՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ։
Իրավապահների գործողություններին նախորդել էր օգոստոսի 24-ին ԱԺ-ում Քոչարյանի կրտեր որդու՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի և Նիկոլ Փաշինյանի բանավեճը։ Քոչարյանը Փաշինյանի հասցեին օգտագործել էր «պիղծ դավաճան» ձևակերպումը։ Ի պատասխան՝ Փաշինյանը հարցրել էր, թե ինչ միջոցներով է Քոչարյանների ընտանիքը միլիոնատեր դարձել և հայտարարել, որ «մեր ժողովրդի հաշվին» ձեռք բերվածը պետք է վերադարձվի պետությանը։
Նախկին նախագահի գրասենյակը օգոստոսի 25-ի խուզարկությունները որակել էր «իշխանությունների հերթական գրոհը» Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ։ Քոչարյանի թիմակիցները խուզարկությունները կապել էին Փաշինյանի նախորդ օրվա հայտարարությունների հետ՝ դրանք գնահատելով որպես «ուղիղ հրահանգ իրավապահներին»։
Թարմացված է՝ 26.08.2026 | 13:25
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







