39,1 աստիճան ջերմություն ունեցող փոքրիկի բուժումը բժիշկը խորհուրդ էր տվել շարունակել տանը:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է մեկամյա երեխայի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: 2018 թվականին ծնված փոքրիկը 2019 թվականի ապրիլի 3-ին, «Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց»-ում մահացել էր:
Նշվում է, որ 2019 թվականի մարտի 18-19-նն ունեցել է բարձր ջերմություն, ինչի կապակցությամբ երեխայի ծնողները դիմել են «Թումանյանի առողջության կենտրոն» ՊՓԲ ընկերություն:
Մանկահասակ երեխայի բժշկական հսկողությունը վարող բժիշկը՝ հիշյալ առողջության կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, հետազոտել ու երեխայի մոտ ախտորոշել է շնչուղիների սուր վիրուսային վարակ, բրոնխիտ, ինչի կապակցությամբ նշանակել է բակտերիալ վարակի դեմ ուղղված բուժում:
Բուժման ընթացքում փոքրիկի մոտ բրոնխիտն արդեն իսկ բակտերիալ թարախային թոքաբորբի զարգացումով բարդացած լինելու և տևական ժամանակ 39,1 աստիճան ջերմություն արձանագրված լինելու պայմաններում բուժող բժիշկը խորհուրդ է տվել շարունակել իր կողմից նշանակված բուժումը, այնինչ, ըստ փորձագետի եզրակացության, դրական դինամիկայի բացակայության պայմաններում անհրաժեշտ է եղել երեխային անհապաղ ուղեգրել ստացիոնար բուժման կամ նշանակել թոքերի ռենտգեն հետազոտություն` թոքաբորբի առկայությունը բացահայտելու նպատակով, կատարել արյան ընդհանուր քննություն, ինչպես նաև՝ հետագա սպեցիֆիկ ախտորոշման նպատակային հետազոտություններ: Մինչդեռ 2019 թվականի մարտի 26-ից մինչև նույն ամսվա 29-նն ընկած ժամանակահատվածում երեխայի բուժող բժիշկը փոքրիկին չի ուղեգրել մասնագիտացված կլինիկա և չի իրականացրել համարժեք հետազոտություններ ու բուժումներ:
2019 թվականի մարտի 31-ին երեխայի ծնողները դիմել են «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության մանկաբույժին, ով հետազոտել ու երեխայի մոտ ախտորոշել է «լեյշմանիոզ» հիվանդություն և հայտնել, որ անհրաժեշտ է երեխային շտապ տեղափոխել մասնագիտացված ՝ Երևանի «Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց»:
Նույն օրը, սակայն ուշացումով, փոքրիկին բուժող բժիշկն ուղեգրել է մասնագիտացված` «Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց» ՓԲ ընկերություն, որտեղ երեխայի վիճակը վատթարացել է. նրա մոտ զարգացել է լյարդ-երիկամային, թոք-սրտային անբավարարություն, ասցիտ, հիդրոթորաքս, երկկողմանի օջախային թոքաբորբ, հարաճուն պոլիօրգանային անբավարարություն և օրգան-համակարգերում անվերադարձ փոփոխություններ, ինչի հետևանքով երեխան 3 օր անց` 2019 թվականի ապրիլի 3-ին` ժամը 13:55-ին, «Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց»-ում մահացել է:
Քննչական կոմիտեինց հայտնում են, «Թումանյանի առողջության կենտրոն» ՊՓԲ ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին մեղադրանք է առաջադրվել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







