«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդուն՝ Շանթ Բագրատյանին, մեղադրանք է առաջադրվել, հայտնում է ArmLur.am-ը։
Ըստ նախաքննական մարմնի՝ ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին՝ Շանթ Բագրատյանը, պետությանը մոտ 1,5 մլրդ դրամի վնաս է պատճառել։ Նշվում է, որ նրա խափանման միջոցն ընտրվել է երաշխավորության հիման վրա։
Թերթի տեղեկություններով՝ Շանթ Բագրատյանին մեղադրում են նրանում, որ նա ստեղծել և փոխկապակցված, դրածո անձանց միջոցով փաստացի ղեկավարել է մի շարք ընկերություններ, ինչպես նաև դեռևս չպարզված աղբյուրներից ձեռք է բերել տրանսպորտային միջոցների համար նախատեսված մեծ քանակությամբ վառելիք և յուղեր։ Ըստ մեղադրանքի՝ խոշոր և առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեկ միասնական դիտավորությամբ և նպատակով նա կազմակերպել և իրականացրել է նշված ապրանքների իրացումն առանց հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու։
Ըստ նախաքննական մարմնի՝ արդյունքում թաքցնելով հարկման օբյեկտները, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում հարկային մարմին չի ներկայացրել օրենսդրությամբ նախատեսված հաշվարկներն ու հայտարարագրերը, հարկային մարմին ներկայացված հաշվարկներում մտցրել է խեղաթյուրված տվյալներ, ինչպես նաև կանխամտածված ստեղծել է «Եվրո Օյլ» և «Էկո Օյլ» ՍՊ ընկերությունների անվճարունակության հատկանիշներ։
Արդյունքում, ըստ նախաքննական մարմնի, պետությանը պատճառվել է ընդհանուր 1,314,520,530 դրամի վնաս։
Սերգեյ Բագրատյանի որդու հետ մեղադրյալների թվում են ևս երեք անձ՝ Դավիթ Հովհաննիսյանը, Սարգիս Պետրոսյանը և Ազատ Գրիգորյանը։։
Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ Շանթ Բագրատյանը հայտնի է մի շարք քրեական պատմություններով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







