Դատարանը՝ Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, փոխել է «Սրբազան պայքարի» գործով անցնող Իգոր Սարգսյանի խափանման միջոցը՝ սահմանելով վարչական հսկողություն։ Գործով դատական նիստն ուղիղ հեռարձակել է Armenia Today-ի Youtube-յան ալիքը։
Պաշտպանական կողմը պնդել է, որ նրա պատշաճ վարքագիծը բավարար հիմք է ավելի մեղմ խափանման միջոց ընտրելու համար։ Փաստաբանները նշել են նաև նրա առողջական խնդիրների մասին։ Սարգսյանի տնային կալանքը երկարաձգվել էր մայիսի 21-ին։
Դատարանը միևնույն ժամանակ անփոփոխ է թողել նրա նկատմամբ կիրառված բացակայելու արգելքն ու 2 մլն դրամ գրավը։
Փաստաբան Արամ Վարդևանյանը դատարանին միջնորդել է վերացնել նույն գործով անցնող 9-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը։
Քննչական կոմիտեն 2025 թվականի ամռանը «Սրբազան շարժման» անդամ Բագրատ Գալստանյանին և նրա մի շարք կողմնակիցների մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածով, որոնք ներառում են իշխանությունը զավթելու նախապատրաստություն, զանգվածային անկարգությունների կազմակերպում ու ահաբեկչություն։ Մեղադրյալները չեն ընդունել առաջադրված մեղադրանքները՝ հայտարարելով, որ հետապնդումը քաղաքական բնույթի է։
Հունիսի 4-ին դատարանը Գալստանյանի խափանման միջոցը փոխել էր տնային կալանքով, որն էլ հունիսի 18-ին 3 ամսով երկարաձգվել էր։




































