Դատախազությունն «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, երկու ամսով կալանավորված Դավիթ Ղազինյանին վերագրվող քրեական գործը մանդատների բաշխման օրը Հակակոռուպցիոն դատարան է ուղարկել։
Գործի նյութերը դատարան են փոխանցվել հուլիսի 21-ին՝ այն օրը, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Ղազինյանին ճանաչել է Ազգային ժողովի ընտրված պատգամավոր։
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը հայտարարել է, որ գործն այսօր դատարան հանձնելը պատահական չէր և կապված էր Ղազինյանի՝ պատգամավորի կարգավիճակ ստանալու հետ։
Ղազինյանին ՔԿ-ն մեղադրում է ենթադրյալ ընտրակաշառք փոխանցելու նախապատրաստման մեջ։ Նույն քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում էր հարուցվել ևս 7 անձի նկատմամբ՝ ընտրակաշառք նախապատրաստելու, ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով։
Դատախազությունը հայտնել է, որ մեղադրական եզրակացությունը հաստատվել է, որից հետո քրեական վարույթի նյութերը հուլիսի 21-ին ուղարկվել են Հակակոռուպցիոն դատարան։
Վարդևանյանը գործը դատարան փոխանցելն անվանել է քաղաքական և այն կապել Ղազինյանի՝ ԱԺ պատգամավորի կարգավիճակ ստանալու հետ։
Նրա խոսքով՝ Քննչական կոմիտեն ու դատախազությունն իմանալով, որ այդ օրը Ղազինյանը պետք է ստանա պատգամավորական մանդատը, «կայծակնային արագությամբ և ռեկորդային ժամկետներում» գործն ուղարկել են դատարան։
«Ղազինյանը կամավոր ներկայացել էր քննչական մարմին դեռ ԿԸՀ որոշումից առաջ։ Մենք միջնորդել էինք նրան հարցաքննել և առերեսումներ անցկացնել, եթե քննությունն իսկապես գտնում էր, որ քննությանը խոչընդոտելու ռիսկ կա։ Սակայն ոչինչ չարվեց։ Փոխարենը՝ գործն ամեն գնով ուղարկեցին դատարան՝ մինչև այսօրվա նիստի ավարտը, որպեսզի հետո հայտարարեն, թե դատախազությունն այլևս իրավասու չէ չեղարկել կալանքը։ Աբսուրդի նոր նշաձող է սա»,- հայտարարել է Վարդևանյանը։
ԿԸՀ-ն հունիսի 17-ին համաձայնություն էր տվել Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն։ Նրան մեղադրանք էր առաջադրվել ընտրակաշառք տալու նախապատրաստման համար։ Պաշտպանական կողմը գործը քաղաքականապես մոտիվացված էր որակել և հայտարարել, որ մեղադրանքը հիմնավորող փաստեր չկան։ Ղազինյանին կալանավորել էին հունիսի 18-ին։






































