Երևանում ապրիլին վթարի պատճառ դարձած 19-ամյա վարորդ Վարդան Մարկոսյանի տնային կալանքը փոխվել է։
Armenia Today-ին Քննչական կոմիտեից հայտնել են, որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց դատարանը կիրառել է վարչական հսկողություն՝ համացանցից օգտվելու սահմանափակումով և բացակայելու արգելք։
ՀՀ Գլխավոր դատախազությունից էլ Armenia Today-ին տեղեկացրել են, որ բողոքարկելու են դատարանի որոշումը։
Ապրիլին սոցցանցերում հրապարակվել էր տեսանյութ, որում երևում էր, որ Մարկոսյանը մտածված գերազանցում է ավտոմեքենայի արագությունը։ Նա տեսանկարահանել էր արագությունը գերազանցելու պահը՝ ասելով, թե ինչ-որ մեքենայի հիմա կնվաստացնի, ինչն ավարտվել էր ավտովթարով, կային վիրավորներ, այդ թվում՝ Մարկոսյանը։ Բախվել էին նրա վարած Mercedes CLS, Jaguar-ը և 53 երթուղին սպասարկող ավտոբուսը։
Ավելի ուշ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել և քրեական վարույթ էր նախաձեռնվել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները խախտելու, խուլիգանության հատկանիշներով։ Մարկոսյանը զրկված էր տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, նրա նկատմամբ վարույթ էր նախաձեռնվել նաև այդ արգելքը խախտելու հոդվածով։ Ավելի ուշ նրա նկատմամբ 3 ամսյա տնային կալանք էր կիրառվել։






































