Դատախազը ապրիլի 18-ին «Մարտի 1-ի» գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ոստիկանության նախկին պետ, հանգուցյալ Հայկ Հարությունյանի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորություններն անցնելուն օժանդակելու և պաշտոնեական անփութության մեղադրանքներով, հայտնել է Գլխավոր դատախազությունը։
Դատախազության տեղեկացմամբ՝ քանի որ Հարությունյանը մահացել է 2019 թվականին, նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումը հանձնվել է օրինական ներկայացուցչին՝ կնոջը։
Հաղորդագրության համաձայն՝ վերջինս առարկել է, որպեսզի քրեական հետապնդումը դադարեցվի մեղադրյալի մահվան հիմքով։
Դատախազությունը նաև հայտնել է, որ քրեական վարույթի նյութերը վերադարձվել են Հակակոռուպցիոն կոմիտե՝ նախաքննությունը մեղադրական եզրակացությամբ ավարտելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար։
Ըստ դատախազության՝ Հարությունյանին վերագրվում է 2008 թվականի մարտի 1-ին ոստիկանության այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ համատեղ խաղաղ ցույցի ցրման կազմակերպումը, ինչպես նաև հատուկ միջոցների կիրառման կարգը սահմանող իրավական ակտերի նախագծերը կառավարության քննարկմանը չներկայացնելու հետևանքով պաշտոնեական անփութություն թույլ տալը։
2008-ի մարտի 1-ի լույս 2-ի գիշերը Երևանում ցույցեր և բախումներ էին տեղի ունեցել փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո, զոհվել էր 10 մարդ, վիրավորվել էին հարյուրավոր ոստիկաններ, զինծառայողներ և քաղաքացիական անձինք։
2018-ին Հայաստանում իշխանափոխությունից հետո գործը նոր փուլով էր քննվել: Գործով անցնում էին ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը։ Ավելի ուշ վարույթով քրեական հետապնդում էր հարուցվել նաև ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի և Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանին նկատմամբ՝ հատուկ միջոցների գործադրմամբ ցույց ցրելու մեղադրանքով։
Հարությունյանի դին հայտնաբերել էին 2019-ին, դատաքննության վարկածով՝ նա ինքնասպանություն էր գործել։
Հունիսին «Մարտի 1»-ի գործով քրեական հետապնդում էր նախաձեռնվել նաև Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, 2017 թվականին մահացած Գորիկ Հակոբյանի նկատմամբ։
Կարդացեք նաև՝




































