Քննչական կոմիտեն ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար, Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքը երկարաձգելու միջնորդություն է ներկայացրել, հայտնել է նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Քննչական մարմինը միջնորդել է Աշոտյանի կալանքը երկարաձգել 2 ամսով։
Միջնորդությունը կքննվի Հակակոռուպցիոն դատարանում հուլիսի 2-ին՝ ժամը 18:30-ին։
Աշոտյանին կալանավորել էին հունիսի 5-ին՝ 1 ամսով։ Աշոտյանը, ինչպես նաև Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը, նրա որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն ու ևս 3 անձ անցնում են Բրյուսովի համալսարանին պատկանող գույքի օտարման գործով։ Նախկին պաշտոնյաները մեղադրվում են պաշտոնեական լիազորությունների ենթադրյալ չարաշահման, դրա օժանդակության, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և դրա օժանդակության համար։






































