ՀՀ դատախազությունը պահանջում է պետական սեփականություն դարձնել Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի գույքը, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով Հակակոռուպցիոն դատարանը հունիսի 5-ին կայացրել է վճիռ, ըստ որի բռնագանձման ենթակա գույքի ցանկում ներառվել են 2 բնակարան Երևանում, բաժնեմասեր Երևանում և Հրազդանում գտնվող բնակելի տներում, հողամասեր Կոտայքի մարզում, բաժնեմասեր անշարժ գույքի օբյեկտներում, ավտոմեքենաների տեխնիկական զննություն իրականացնող ընկերության 50% բաժնեմասը, ինչպես նաև Range Rover Sport SC 4.2 և Mercedes-Benz S550 մակնիշի ավտոմեքենաները։
Դատախազությունը նաև պահանջում է բռնագանձել 25 միլիոն 18 000 դրամ՝ որպես 2 անշարժ գույքի և 1 տրանսպորտային միջոցի բռնագանձման անհնարինությամբ պայմանավորված դրանց արժեք, ինչպես նաև 85 միլիոն 430 000 դրամ։ Հրապարակված հաղորդագրության մեջ գերատեսչությունը չի հստակեցրել, թե ինչի հետ է կապված գումարի բռնագանձման պահանջը։
Մայիսին Դանիելյանին մեղադրանք էր առաջադրվել համայնքային 12 հողամաս շուկայականից զգալիորեն ցածր գներով ապօրինի վաճառելու համար։ Քննության տվյալներով՝ 2002-2018 թվականներին նա գործարքներ էր ձևակերպել հօգուտ ազգականների և փոխկապակցված անձանց։ Համայնքին պատճառված վնասը գնահատվել է շուրջ 26 միլիոն դրամ։
Մեղադրանքներ են առաջադրվել նաև Դանիելյանի ընտանիքի անդամներին և աշխատակազմի նախկին աշխատակիցներին։ Բոլոր մեղադրյալները չեն ընդունում իրենց մեղքը։ Գործը քննում է Հակակոռուպցիոն դատարանը։
Մայիսին Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր Դանիելյանի վերաբերյալ գործի քննության ավարտի մասին։ Քննությունը պնդում է, որ նրա պաշտոնավարման ընթացքում (2002-2018 թթ․) համայնքային հողամասերն օտարվել են ցածր արժեքով՝ հօգուտ նրա ազգականների և կապված անձանց։




































