Հակակոռուպցիոն դատարանն անմեղ է ճանաչել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին՝ 2017 թվականի խորհրդարականան ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանելու գործով, Armenia Today-ին հայտնեց Հակակոռուպցիոն դատարանի խոսնակ Արմինե Նովրուզյանը։
Նրա փոխանցմամբ՝ նույն գործով անցնող «Մուլտի Գրուպ» ընկերության գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանին դատարանը մեղավոր է ճանաչել, սակայն վաղեմության ժամկետն անցնելու հիմքով ազատել է պատասխանատվությունից։
Նշենք, որ Ծառուկյանը նիստին ներկա չի գտնվել հունիսի 7-ին կայանալիք ընտրությունների քարոզարշավին մասնակցելու պատճառով։
Ծառուկյանին և Առուստամյանին 2023 թվականին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասով՝ ընտրակաշառք տալու համար։ Ըստ դատախազության՝ 2017 թվականի ապրիլի 2-ին ընտրողներին կաշառք էր տրվել՝ հօգուտ կուսակցական դաշինքներից մեկի օգտին քվեարկելու նպատակով։





































