«Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանն անդրադառնալով լուրերին, թե իշխանությունն ԱԺ ընտրություններին ընդառաջ՝ հնարավոր է, չգրանցի քաղաքական ուժին, նշել է, որ դա քիչ հավանական սցենար է։
«Անկեղծ ասած՝ մի քիչ դժվար իրագործելի սցենար է։ Այդ դեպքում՝ արդեն ընտրությունների անցկացումն էլ կարող է կասկածի տակ դրվել՝ անկախ ամեն ինչից։ Ինչպե՞ս եք պատկերացնում, օրինակ, որ ամենամեծ ընդդիմադիր ուժին, որը բառացիորեն «հինգ րոպե պակաս» իշխանություն է, թույլ չտան մասնակցել ընտրություններին։ Այդ դեպքում ո՞վ կարող է ընդունել նման ընտրությունների արդյունքները։ Կարծում եմ՝ այդ քայլը նույնիսկ բռնապետությանը ձգտող իշխանության համար չափազանց մեծ ճոխություն կլինի»,- հավելել է նա։
Միևնույն ժամանակ՝ Ղազինյանը նշել է, որ պատրաստ են բոլոր սցենարներին, ներառյալ՝ կուսակցությունը չգրանցելուն։ Ինչպե՞ս են պատրաստ՝ կուսակցության ներկայացուցիչն այս պահին չմանրամասնեց։
Ղազինյանը մեկնաբանել է նաև Հակակոռուպցիոն կոմիտեի՝ կուսակցության «Մեր ձևով» հասարակական կազմակերպության կողմից ենթադրյալ ընտրակաշառք բաժանելու մեղադրանքները։ Ղազինյանը տեղեկությունն «ամբողջությամբ կեղծ» է անվանել՝ շեշտելով, որ չեն վստահում այս իշխանությունների տրամադրած որևէ տեղեկատվության։
«Իսկ «սարքելու» հարցում, կարծում եմ, արդեն բոլորը տեսել են, որ նման կոմպլեքս նրանք չունեն»,- նկատել է Ղազինյանը։
Նրա խոսքով՝ «Ուժեղ Հայաստանի» քաղաքական խորհրդի որոշմամբ և կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի հաստատմամբ կուսակցությունը չի իրականացնելու որևէ հակաիրավական գործողություն։
««Ուժեղ Հայաստանը» դարձել է մեծ կուսակցություն, և օրեցօր աճում է։ Մենք կարող ենք ունենալ բազմաթիվ անդամներ, չենք բացառում նաև, որ կարող են լինել ներթափանցված մարդիկ կամ սադրանքներ։ Բայց մեր կուսակցությունը որևէ հակաիրավական գործողություն չի կատարում։ Մենք չենք դիմում ընտրակաշառքի, ֆինանսական խոստումների կամ, նույնիսկ, նմանատիպ փոքր մեթոդների»,- շեշտել է նա։
Ղազինյանն ընդգծել է, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը շուրջ 30 տարի աջակցել է մարդկանց։
«Ընտրություններից առաջ, ժամկետների փոփոխության արդյունքում, այդ ծրագրերը սահմանափակվեցին, և դրա հետևանքով տուժեցին այն քաղաքացիները, ովքեր ամեն օր ստանում էին բժշկական օգնություն կամ ֆինանսավորում բուժման համար։ Այսօր մենք նույնպես շատ խիստ սահմանափակումների մեջ ենք գործում։ Եթե մեր շարքերում լինեն մարդիկ, որոնք կկատարեն որևէ հակաիրավական գործողություն, խնդրում եմ դրա մասին տեղեկացնել մեզ»,- հավելել է նա։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանն ավելի վաղ հնարավոր էր համարել ընտրությունների նախաշեմին իր ձերբակալության հնարավորությունը: Նրա խոսքով՝ կուսակցությունը տեղեկություններ ունի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին չմասնակցելու նպատակով իր ներկայացուցիչների ձերբակալությունների հնարավոր նախապատրաստման մասին:
Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունից Արմավիրի մարզի բնակիչներին ենթադրյալ դրամական միջոցներ տրամադրելու գործով 5 անձի ձերբակալման մասին: Հետաքննության վարկածով՝ միջոցները փոխանցվել էին «Մեր ձևով» շարժման հետ կապված կառույցների միջոցով։ Կուսակցությունում մեղադրանքներն անհիմն էին անվանել, իսկ ներկայացված ապացույցները՝ ձայնագրությունների տեսքով, մոնտաժված։
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ այսօր ձերբակալվել է «Մեր ձևով ազգային արժեքների պահպանություն» ՀԿ-ի Դիլիջանի գրասենյակի ղեկավար Լ.Վ.-ն, ով մեղադրվում է «Մեր ձևով»շարժման հետ կապված դատական նիստերին և ակցիաներին մասնակցությունը նյութապես խթանելու մեջ:
Կարդացեք նաև՝



































