«Մարտի 1»-ի գործով ձերբակալված ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի նախկին առաջին տեղակալ Հովհաննես Թամամյանը և նախկին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Եղեգնաձորի շտաբի պետ Էդուարդ Ասատրյանն առերեսվել են, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը։
Թամամյանի դեմ, ըստ պարբերականի, ցուցմունք է տվել Ասատրյանը: Նրանց առերեսումը կազմակերպվել է մարտի 4-ին՝ ՀՀ քննչական կոմիտեում:
Թամամյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել փետրվարի 25-ին՝ պաշտոնեական լիազորություններն անցնելուն հանցակցելու համար: Ոստիկանության նախկին պաշտոնյային մեղադրում են, որ նրա հանձնարարությամբ 2008 թվականի մարտի 1-ին ոստիկանության ծառայողները բռնություն են կիրառել իշխանությունների դեմ ակցիայի մասնակից Ասատրյանի նկատմամբ։
«Մարտի 1»-ի քրեական գործով փետրվարին մեղադրանքներ էին առաջադրվել ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին և Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի նկատմամբ՝ մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ Ազատության հրապարակում հավաքված ցուցարարների ցրումը կազմակերպելու համար:




































