«Մարտի 1»-ի քրեական գործի շրջանակում ոստիկանական նախկին համակարգից մոտ ապագայում նոր ձերբակալություններ են սպասվում, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը։
Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ դրանք վերաբերելու են ոստիկանության համակարգի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին, և ձերբակալվածների ցանկը միայն երկու անձով չի սահմանափակվելու:
«Մարտի 1»-ի քրեական գործով փետրվարին արդեն մեղադրանքներ էին առաջադրվել ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին և Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանին: Նրանց մեղադրանք է առաջադրվել 2008 թվականի մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ Ազատության հրապարակում հավաքված ցուցարարների ցրումը կազմակերպելու համար:
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը փետրվարի 24-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հաստատել էր, որ գործով նոր մեղադրյալներ են լինելու:



































