Դատարան է ուղարկվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի, նրա քրոջ աղջկա՝ Ա.Բ.-ի և մեկ այլ անձի՝ Կ.Մ.-ի վերաբերյալ քրեական գործը, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Ըստ հաղորդագրության՝ նրանք մեղադրվում են ապօրինի ծագում ունեցող գույքը թաքցնելու, կեղծ փաստաթղթեր պատրաստելու և դատարանում ապացույցներ կեղծելու համար:
Գործի քննությունն սկսվել էր 2021 թվականին, երբ պարզվել էր, որ նախկին նախարարի կնոջ քրոջ աղջկա անվամբ է գրանցված Երևանում՝ Նալբանդյան փողոցում գտնվող երկու թանկարժեք անշարժ գույք: Դատախազությունը պարզել էր, որ այդ գույքերը փաստացի պատկանում են Օհանյանին և նրա կնոջը, սակայն ձևականորեն գրանցված են հարազատի անվամբ: Դատարանի որոշմամբ՝ այդ գույքերի նկատմամբ սահմանվել էր արգելանք, ինչը նշանակում էր, որ դրանք չէին կարող վաճառվել կամ որևէ կերպ օտարվել:
Սակայն, ինչպես նշում է դատախազությունը, քննությամբ պարզվել է, որ Խաչատրյանը փորձել է շրջանցել այդ արգելքը: Նրա կազմակերպմամբ 2021-2022 թվականներին Ա.Բ.-ն և Կ.Մ.-ն հետին ամսաթվով կեղծել են գույքերի առուվաճառքի պայմանագրեր: Ըստ այդ փաստաթղթերի, որոնք թվագրվել էին 2021 թվականի սեպտեմբերի 1-ով, գույքերը վաճառվել էին Կ.Մ.-ին՝ համապատասխանաբար 502 միլիոն և 123 միլիոն դրամով: 2022 թվականին Կ.Մ.-ն դիմել էր դատարան՝ պահանջելով ճանաչել իր սեփականության իրավունքը, 2023 թվականի ապրիլին դատարանը բավարարել էր նրա պահանջը:
Բացի այդ, Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել 2022-2024 թվականներին նրա կողմից ներկայացված հայտարարագրերում երկու գույքի մասին տեղեկությունները թաքցնելու համար:
Այժմ բոլոր երեք անձի վերաբերյալ գործը փոխանցվել է դատարան: Օհանյանի կնոջը մեղադրանք է առաջադրվել կեղծ ապացույցներ պատրաստելը կազմակերպելու, արգելանքի տակ գտնվող գույքի նկատմամբ ապօրինի գործողություններ կազմակերպելու և հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու համար: Ա.Բ.-ին և Կ.Մ.-ին մեղադրանք է առաջադրվել կեղծ ապացույցներ պատրաստելու և արգելանքի տակ գտնվող գույքի նկատմամբ ապօրինի գործողություններ կատարելու համար:






































