«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանն առողջական լուրջ խնդիրներ ունի, և կալանավորումն անհամատեղելի է այդպիսի խնդիրների պարագայում, հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, որը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Մինասյանին։
«Ցավով եմ արձանագրում, որ այն, ինչ չի հաջողվել թշնամուն, արվում է այս իշխանությունների ձեռամբ: Այսպիսի վարքագիծը ոչ միայն բարոյական առումով է անթույլատրելի, այլև իրավական աբսուրդ է»,- ընդգծել է Դանիելյանը։
Նա շեշտել է, որ հրամանատարն, ամեն դեպքում, վճռական է տրամադրված:
«Այսպիսի կամք և ոգի ունեցող մարդուն անհնար է ընկճելը: Մինասյանը թե՛ որպես արցախյան պատերազմի լեգենդ, թե՛ որպես մտավորական, բացառիկ կերպար է: Մինասյանը պատերազմի ժամանակ մշտապես օրինակ է ծառայել բոլորին՝ իր ընտանիքի հետ առաջինը նետվելով մարտի դաշտ: Մարտական գործողությունների ընթացքում էլ, ցավոք, կորցրել է երկու եղբայրներին»,- հավելել է պատգամավորը։
Դատախազությունը հոկտեմբերին հայտնել էր, որ Մինասյանն ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, փոխադրելու ու պահելու համար դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման։
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը տեղեկացրել էր, որ դեկտեմբերի 23-ին Մինասյանին կալանավորել էին, քանի որ նրա դեմ երկամյա մեղադրական վճիռը մտել էր ուժի մեջ և ուղարկվել կատարման։






































