Գերմանիայի Բունդեսթագի նախկին պատգամավոր Աքսել Ֆիշերին, ով կասկածվում է կաշառակերության և Ադրբեջանի շահերի համար լիազորությունների չարաշահման մեջ, տեղափոխել են քննչական մեկուսարան, երբ Մյունխենի բարձրագույն շրջանային դատարանը նրան կալանավորելու օրդեր է տվել, հայտնում է DW գործակալությունը։
Օրդերը պահանջվել է, քանի որ Ֆիշերը բազմիցս բաց է թողել դատական նիստերը։ Դատարանի կողմից նշանակված փորձագետները պարզել են, որ նախկին պատգամավորը կարող էր մասնակցել իր բաց թողած առնվազն երկու նիստի: Արդյունքում՝ քաղաքի հիվանդանոցներից մեկում նրան ձերբակալել են։ Ֆիշերի փաստաբանները բողոք են ներկայացրել։
Դեկտեմբերի 22-ին կայացած դատական նիստի ժամանակ նախկին պատգամավորը հայտարարել էր իր անմեղության մասին։ Հաջորդ նիստը նշանակված է հունվարի սկզբին։ Մինչ այդ նա, ամենայն հավանականությամբ, կմնա Մյունխենի Շտադելհայմ բանտի քննչական մեկուսարանում։ Միևնույն ժամանակ, հունվարին կլրանա առանցքային մեղադրանքներից մեկի վաղեմության ժամկետը, սակայն իրավապահները վստահ են, որ դատարանը կհասցնի որոշում կայացնել, հավելել է պարբերականը:
Ֆիշերը Բունդեսթագի պատգամավոր էր Քրիստոնեա-դեմոկրատական միությունից (ՔԴՄ) 1998-2021 թվականները, իսկ 2010-ից՝ նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) անդամ: Նրա հասցեին մեղադրանքներն ի հայտ էին եկել, երբ 2018 թվականին պարզվել էր, որ ԵԽԽՎ մի շարք անդամներ Բաքվից կաշառք էին ստացել Եվրոպայում ադրբեջանական իշխանությունների շահերի լոբբինգի համար։
Դատախազությունը կարծում է, որ 2011 թվականին Ֆիշերն իր ծառայություններն էր առաջարկել Ադրբեջանի ներկայացուցչին։ Հետագայում նախկին պատգամավորը գումարի դիմաց «գործել էր Ադրբեջանի շահերից ելնելով»։ Նման գործողություններին, մասնավորապես, վերաբերել են «դրական ելույթները», «գաղտնի փաստաթղթերի օպերատիվ փոխանցումը» և «քվեարկությունն» այնպես, ինչպես դա պետք է Բաքվին։
2011-2014 թվականներին Ֆիշերը, հետաքննության տվյալներով, իր ծառայությունների դիմաց ստացել էր 58 հազար եվրո, 2015-2016 թվականներին՝ ևս 26 300 եվրո:






































