Հայաստանում առնվազն 53 հազար ընտանիք հեղափոխությունից ի վեր՝ մինչև անցած տարվա ապրիլ, նորակառույցներում տուն է ձեռք բերել, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը համոզված է, որ դա տեղի է ունենում Հայաստանում բարեկացության մակարդակի ավելացմամբ պայմանավորված։
Armenia Today-ի նկարահանող խումբը քաղաքացիներին հարցրել է, համաձա՞յն են վարչապետի դիտարկման հետ, որ Հայաստանում բարեկեցության մակարդակն աճել է և դրա արդյունքում են մարդիկ բնակարաններ ձեռք բերում։
Հարցվածներից մի տղամարդ պատասխանեց, որ 2018 թվականից հետո որևէ մեկի կյանքը չի բարելավվել և իր շրջապատում չկա նման մարդ, ով բնակարան է ձեռք բերել։ Մի կնոջ կարծիքով, սակայն, բարեկեցության մակարդակը Հայաստանում բարձրացել է։
«Լիքը մարդ բնակարան է գնել, երիտասարդներին հնարավորություն է տրված, աշխատանք ունեն, նրանք կարողանում են բնակարաններ գրել»,- ասաց նա։
Մարդիկ տարակարծիք էին՝ ոմանք բարելավվում չեն նկատում, ոմանց համար դա ավելի քան նկատելի է։
«Մարդիկ ամբողջ կյանքում կուտակում են, որ բնակարան գնեն։ Բայց առեղծվածային է, այդքան որ կառուցում են, ո՞ւմ համար են կառուցում»,- ասաց մի տղամարդ։
Հարցվածներից մեկի կարծիքով էլ՝ հիմա մարդիկ ավելի վատ են ապրում, իսկ իր շրջապատում կան նաև այնպիսինները, ովքեր ոչ թե տուն են գնել, այլ կորցրել են։ Դա վերաբերում է նաև արցախցիներին։
«Բնակարան գնելիս ինչ-որ մաս սուբսիդավորում են, բայց այնպես են անում, որ ձեռնտու լինի իրենց, ոչ թե ժողովրդին»,- հավելեց նա։
Մի կնոջ խոսքով՝ իրենք ապրում են բարեկեցիկ, սակայն բնակարան են գնել վաղուց։ Մի տղամարդ էլ նշեց, որ համաձայն է վարչապետի տեսակետին, քանի որ իր տղան կարողացել է օգտվել այդ ծրագրերից և հիփոթեքով տուն է ձեռք բերել։
Մյուսն էլ նշեց, որ չի հավատում Փաշինյանի խոսքերին․ «բոլորը բանկերին պարտք են, չեմ հավատում»։
Մանրամասները՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







