Հոկտեմբերի 12-ի՝ ժամը 10։00-ի դրությամբ, Նուբարաշենի աղբավայրում կան հրդեհի ծխացող օջախներ, հայտնել են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Նշվում է, որ փրկարար ծառայությունն ինտենսիվորեն շարունակում է հրդեհաշիջման աշխատանքները։
«Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են 9 մարտական հաշվարկ և 2 օպերատիվ խումբ․ ընդհանուր՝ 43 փրկարարական ծառայող, Երևանի քաղաքապետարանի ուժերը՝ ջրատարներով և ինժեներական տեխնիկայով։ Օգտագործվել է շուրջ 1100 տոննա ջուր և իրականացվել շուրջ 500 երթ հողալցում՝ կրակի տարածումը կանխելու համար»,- հավելել են գերատեսչությունից։
Հոկտեմբերի 10-ին Armenia Today-ին քաղաքապետարանից հայտնել էին, որ հրդեհի հիմնական մասը մարվել է։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ հրդեհը ոչ թե պատահականություն, այլ դիտավորություն է: Նույն օրն աշխատանքից ազատվել էր «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ընկերության տնօրենի պաշտոնակատարը: Աղբավայրում հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Աղբավայրում հրդեհ էր բռնկվել նաև օգոստոսի 8-ին։ Երկրորդ հրդեհը բռնկվել էր սեպտեմբերի 15-ին։






































