Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր, հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ Մեծի Տանն կաթողիկոս Արամ Ա-ն կապ է պահում Վենեսուելայի հայ համայնքի հոգևոր տեսուչ Տեր Պետրոս Եպս. Մանվելյանի հետ։ Նշվում է, որ երկրաշարժի հետևանքով նաև երկու հայ ընտանիքի տուն է քանդվել։
«Սրբազան հոր փոխանցած տեղեկությունների համաձայն, երկրաշարժը ահավոր ու սարսափազդու ցնցում է առաջացրել և նյութական ու մարդկային վնասները բազմաթիվ են։ Մինչ այժմ ժողովրդի մոտ տիրում են վախն ու անորոշությունը»,- հավելել են կաթողիկոսությունից։
Վենեսուելայում տեղի էր ունեցել վերջին հարյուրամյակի ընթացքում գրանցված ամենահզոր երկրաշարժը, որի հետևանքով կան տասնյակ զոհեր ու հարյուրավոր տուժածներ։ Երկրաշարժն զգալի ավերածություններ է պատճառել՝ վնասելով բնակելի և վարչական շենքեր, ինչպես նաև ենթակառուցվածքներ։





































