Վենեսուելայում տեղի է ունեցել վերջին հարյուրամյանի ընթացքում գրանցված ամենահզոր երկրաշարժը, որի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ը, կան հարյուրավոր տուժածներ, հայտնում է CNN-ը։
Իշխանություններն զգուշացնում են, որ որոնողափրկարարական աշխատանքների շարունակման արդյունքներում զոհերի և տուժածների թիվը կարող է աճել։
Տեղի ունեցած աղետը բաղկացած է եղել երկու հզոր ստորգետնյա ցնցումներից․ 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը գրանցվել է 7,2 մագնիտուդ ուժգնությամբ հետցնցումից ընդամենը 40 վայրկյան անց։ Երկրաշարժն զգալի ավերածություններ է պատճառել՝ վնասելով բնակելի և վարչական շենքեր, ինչպես նաև ենթակառուցվածքներ։
Մայրաքաղաքի բնակիչները կատարվածը բնութագրում են որպես աննախադեպ աղետ։ 1967 թվականին քաղաքը ցնցած ավերիչ երկրաշարժը վերապրած բնակիչներից մեկը նշել է, որ իր կյանքի ընթացքում նման մասշտաբի ավերածություններ երբևէ չի տեսել։ Մեկ այլ բնակիչ, որը կարողացել է դուրս գալ վնասված շենքից, պատմել է, որ տեղի ունեցածը «սարսափ ֆիլմ էր հիշեցնում»։
ԱՄՆ-ն հայտարարել է Վենեսուելային աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության մասին։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ երկիր են ուղարկում փրկարարական խմբեր և մարդասիրական օգնություն։ Ռուբիոն նաև հեռախոսազրույց է ունեցել Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսի հետ՝ հայտնելով ԱՄՆ-ի աջակցությունը։
Երկրաշարժը հարվածել է Վենեսուելային այն պահին, երբ երկիրը շարունակում է բախվել քաղաքական և ֆինանսատնտեսական լուրջ խնդիրների։ Վերլուծաբանների գնահատմամբ՝ աղետը կարող է լրացուցիչ ծանրաբեռնել արդեն իսկ ճգնաժամային վիճակում գտնվող տնտեսությունն ու պետական կառավարման համակարգը։






































