Առնվազն 21 մարդ է զոհվել Իսպանիայի հարավում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով, տասնյակ մարդիկ վիրավորվել են, հաղորդում է BBC-ն:
Մադրիդ ուղևորվող գնացքի վագոններն Ադամուզում դուրս են եկել գծերից և հայտնվել հանդիպակաց ուղու վրա՝ բախվելով երկրորդ գնացքին:
Երկաթուղային ցանցերի տվյալներով՝ երկու գնացքում էլ եղել են 400 ուղևորներ և աշխատակիցներ։ Անդալուսիայի արտակարգ ծառայությունների տվյալներով՝ բախման հետևանքով լրջորեն տուժել է առնվազն 24 մարդ, այդ թվում՝ 4 երեխա:
Իսպանիայի տրանսպորտի նախարար Օսկար Պուենտեն միջադեպը «չափազանց տարօրինակ» է անվանել, իշխանությունները հետաքննություն են սկսել:
«Երկաթուղային բոլոր փորձագետները, որոնց հետ խորհրդակցել է կառավարությունը, չափազանց տարակուսած են»,- Մադրիդում լրագրողներին ասել է Պուենտեն:
Վթարի ենթարկված գնացքի տեսակը Freccia 1000-ն է, որը կարող է հասնել 400 կմ/ժ առավելագույն արագության:






































