ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է հոկտեմբերի 29-ին Տավուշի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասնակիցների ինքնությունը, հայտնում է Shamshyan.com-ը։
Նշվում է, որ ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենան վարել է Տավուշի մարզի բնակիչ 39-ամյա Նվեր Ա․-ն, ով տեղում մահացել է։ Ավտոմեքենայի ուղևորը նրա կինն է՝ 34-ամյա Նարինե Ա․-ն, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Բերդ» բժշկական կենտրոն։
Նախնական տվյալներով՝ ամուսինները Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհով՝ Նավուրի հարևանությամբ գտնվող «Դուռնալու» կոչվող հանդամասից դուրս են եկել երթևեկելի գոտուց, մոտ 500 մետր անցել անտառային հատվածով և բախվել հաստաբուն ծառի։ Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորն ամուսիններ են, խնամքի տակ ունեն չորս անչափահաս երեխա։
Քննիչները դեպքի փաստով նախաձեռնել էին քրեական վարույթ, որի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական և դատաբժշկական գործողություններ՝ վթարի հանգամանքները պարզելու համար։
Հոկտեմբերի 29-ին ՀՀ նԳՆ-ն հայտնել էր, որ Տավուշի մարզում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կա զոհ և վիրավոր։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







