Արարատի մարզի Այգավան բնակավայրում 32-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։
Գերատեսչության տվյալներով՝ օգոստոսի 30-ին «Վեդու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության շտապօգնությունից հաղորդում է ստացվել, որ, 32-ամյա տղամարդը, բազմաթիվ կտրած-ծակած վերքերով, մահացած վիճակում հարազատների կողմից տեղափոխվել է հիվանդանոց:
«Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր, որոնցից վերցվել են նմուշներ։ Գետնին հայտնաբերվել են սև գույնի գլխարկ և այլ իրեր: Որոշակի հեռավորության վրա` ծառի տակ, խոտերի մեջ, հայտնաբերվել է ենթադրյալ հանցագործության գործիք դանակը, որի վրա առկա են արնանման հետքեր»,- մանրամասնում է ՔԿ-ն:
Ըստ աղբյուրի՝ վարույթով նշանակվել են դիակի դատաբժշկական, ինչպես նաև` դատագենետիկական փորձաքննություններ: Կատարվում են անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները և հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու, վերջիններիս հայտնաբերելու, հանցագործության շարժառիթը, ինչպես նաև՝ դեպքին հնարավոր ականատես անձանց ի հայտ բերելու ուղղությամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







