ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցը բացառիկ հարցազրույցներից էր, որտեղ բացահայտումներ չկային, բայց կար իրավիճակի ճշգրիտ բնութագրում, այնքան ճշգրիտ, որ անհնար է դրանց հետ չհամաձայնել ։ Այս մասին Armenia Today տեղեկատվական-վերլուծական պորտալի թղթակցի հետ զրույցում նշեց «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
«ՀՀ նախկին նախագահի հարցազրույցը ճիշտ էպիկրիզ է, որը տրված է մեր ներքին ու արտաքին քաղաքականությանը, դրանցից բխող խնդիրներին։ Եվ իսկապես, գնահատականների և ձևակերպումների հետ անհնար է չհամաձայնել»,-ընդգծեց քաղաքագետը։
Մեկնաբանելով ղարաբաղյան կարգավորման ներկա գործընթացի և Արցախում սպասվող նախագահական ընտրությունների վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի մտավախությունները, Հրանտ Մելիք-Շահնազարյանն ընդգծեց, որ այս մտահոգությունների հիմնական թեզն այն է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փորձում է լիարժեք տիրապետություն կամ վերահսկողություն սահմանել Արցախի քաղաքական զարգացումների վրա և այս հարցում, ըստ էության, նրանք հիմնվում են իշխանությունների քծնող թեկնածուների ծառայությունների վրա, իսկ այդպիսի թեկնածու է Արայիկ Հարությունյանը։
Մելիք-Շահնազարյանի խոսքով ՝ Արայիկ Հարությունյանը «ուղղակի պատասխանատվություն է կրում Արցախի քաղաքական դաշտի մասնատման համար»։
«Նա ամեն ինչ արել է, որ սպասվելիք ընտրություններում միասնական թեկնածու չլինի, ավելին՝ ֆինանսավորել է մի շարք թեկնածուների, ովքեր պետք է դաշտ մտնեն զուտ այլ հավանական առաջնորդներից ձայներ փախցնելու համար»,- ընդգծեց քաղաքագետը։
Ըստ Մելիք-Շահնազարյանի՝ պաշտոնական Երևանը չունի մշակված քաղաքականություն Արցախի հարցում, ուստի ՀՀ իշխանությունները մշտապես հանդես են գալիս հակասական մոտեցումներով ու հայտարարություններով։
«Փաշինյանի իշխանությունը վատնել է շատ թե քիչ այն ձեռքբերումները, որոնք եղել են նախկին տարիների ընթացքում և այսօր հայտնվել են փակուղում։ Առաջին անգամ մենք բախվում ենք մի իրավիճակի, երբ Ադրբեջանն ու միջնորդները՝ ի դեմս ԵԱՀԿ ՄԽ-ի, հանդես են գալիս գրեթե միասնական դիրքերից ՝ որոշակի պահանջներ ներկայացնելով հայկական կողմին, իսկ դա լուրջ սպառնալիք է մեզ համար»,-ընդգծեց նա։
Ըստ Հրանտ Մելիք-Շահնազարյանի՝ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնը ստանձնելու առաջին օրվանից, ակնհայտ է դարձել, որ նա գաղափար չի ունեցել բանակցային գործընթացի մասին։
«Զարմանալի ու տարօրինակ է այն, որ անցած 1,5 տարիների ընթացքում Փաշինյանը չփորձեց հասկանալ բանակցային գործընթացի տրամաբանությունը ու հնարավորությունները»,-նկատեց «Ոսկանապատ» կենտրոնի ղեկավարը։
Ինչ վերաբերում է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, ապա քաղաքագետը չի բացառում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, ավելին, ըստ նրա, այդ հարցը հնչեցնում են տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ:
«Քաղաքական գործընթացներից դուրս մնացած խորհրդարանը, որտեղ որևէ քաղաքական օրակարգ չկա և ընդամենը կոճակ սեղմելու բազմություն է, ընտրվելու առաջին օրվանից ցույց տվեց, որ քաղաքական հիմնական պրոցեսները իրականանալու են խորհրդարանից դուրս»,-ընդգծեց քաղաքագետը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







