«Ուժեղ Հայաստան» դաշինքը կկատարի նախընտրական խոստումն ու բնակարաններ կնվիրի այն ընտանիքներին, որտեղ կծնվի հինգերորդ երեխան՝ այն համայնքներում, որտեղ քաղաքական ուժը խորհրդարանական ընտրություններում ստացել է ձայների մեծամասնությունը։ Այս մասին Լոռու մարզ կատարած այցի ժամանակ հայտարարել է դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը։
Նրա խոսքով՝ ծրագիրը կմեկնարկի Ստեփանավանի, Գյուլագարակի և Տաշիրի տարածաշրջաններում (ներառյալ՝ Ստեփանավան, Գյուլագարակ համայնքները, Ագարակ, Կուրթան գյուղերը), իսկ բնակարանները նախատեսվում է ձևակերպել մայրերի անունով։
«Ընտրություններից առաջ մենք խոստացել էինք, որ Հայաստանում պետք է գործի ծրագիր, որով ամեն ընտանիք, որտեղ ծնվում է հինգերորդ երեխան, բնակարան կստանա։ Այն տարածաշրջաններում, որտեղ ստացել ենք մեր հայրենակիցների գերակշիռ մասի աջակցությունն ու վստահությունը, մենք մեկնարկում ենք այս ծրագիրը»,- հայտարարել է Կարապետյանը։
Նա հավելել է, որ դաշինքի ներկայացուցիչները կշարունակեն այցելել երկրի մարզեր, հանդիպել բնակիչներին և առաջարկներ հավաքել համայնքներին անհրաժեշտ ծրագրերի վերաբերյալ։
«Ուժեղ Հայաստան»-ը հայտնել էր, որ հետընտրական շրջանում մտադիր է այցելել Հայաստանի բոլոր մարզեր, բնակիչների խնդիրները հավաքագրելու և ԱԺ-ում դրանք բարձրացնելու և լուծում տալու համար։
Դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հուլիսի 7-ին Armenia Today-ին հայտնել էր, որ «Ուժեղ Հայաստան»-ը մտադիր է քաղաքական փոփոխություններն սկսել մարզերից, մասնակցել ՏԻՄ ընտրություններին և հաղթանակներ տանել։





































