Ռուսաստանից ատոմակայանի հետ կապված առաջարկ ստացել ենք, սակայն նման առաջարկներ ունենք Կորեայից, Ֆրանսիայից և այլ երկրներից, Աջափնյակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք մեծ՝ 1000 և 600 մեգավատանոց ատոմակայանի կարիք չունենք, որովհետև ունենք մեր ռեսուրսը՝ արևը, և կենտրոնացած ենք մոդուլյար ատոմակայանի վրա»,- ասել է վարչապետը։
Նրա խոսքով՝ մոդուլյար ատոմակայանում Չեռնոբիլի վթար չի կարող ունենալ, քանի որ նման վթարը համարվում է տեղային միջադեպ, և 1 կիլոմետր հեռավորության վրա գտնվող բնակավայրն այդ պարագայում չի տարհանվի։
Փաշինյանն ընդգծել է, որ աշխատում են ՌԴ-ի, Չինաստանի, Ֆրանսիայի, Կորեայի, ԱՄՆ-ի հետ։
«ՌԴ-ում էլ կա նախագիծ, որն աշխատում է ծովի վրա և լողացող ատոմակայան է։ Երբ կոնկրետ առաջարկ լինի, կդիտարկենք տեխնոլոգիայի և գնի առաջարկը։ Սա տնտեսական հարց է, ոչ թե քաղաքականության ընտրության հարց»,- ասել է նա։
Վարչապետն ընդգծել է՝ որ երկիրը լավ առաջարկ անի, այդ երկրի հետ էլ կաշխատեն՝ հաշվի առնելով Հայաստանի շահերը։
«Ռոսատոմը» Հայաստանին առաջարկել էր տարբեր մեծության էներգաբլոկներ կառուցել։ Փաշինյանը Փարիզում կայացած Միջուկային էներգիայի երկրորդ գագաթնաժողովին հայտարարել էր, որ Հայաստանը որոշում է կայացրել զարգացնել փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիան և ներկայումս ուսումնասիրում է միջազգային գործընկերների առաջարկները։
Վարչապետը տեղեկացրել էր, որ Հայաստանը մեկնարկել է Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու ծրագիր, ինչը հիմք կհանդիսանա նոր միջուկային էներգաբլոկի անցման համար:






































