Հայաստանը որոշում է կայացրել զարգացնել փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիան և ներկայումս ուսումնասիրում է միջազգային գործընկերների առաջարկները, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում ընթացող Միջուկային էներգիայի երկրորդ գագաթնաժողովին։
Գագաթնաժողովը կազմակերպվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի նախաձեռնությամբ: Մասնակցել են նաև Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Սլովակիայի, Խորվաթիայի վարչապետները և այլ երկրների ներկայացուցիչներ:
Իր ելույթում Փաշինյանը նշել է, որ Հայաստանը միջուկային էներգիան դիտարկում է որպես էներգետիկ անվտանգության էական գործոն: Նրա խոսքով՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է միջուկային էներգիան որպես էլեկտրաէներգիայի մատակարարման հիմնական բաղադրիչ պահպանելու քաղաքականությունը:
Վարչապետը տեղեկացրել է, որ Հայաստանը մեկնարկել է Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու ծրագիրը, ինչը հիմք կդնի նոր միջուկային էներգաբլոկի անցմանը: Նա նաև հայտարարել է, որ պաշտոնական Երևանը որոշում է կայացրել զարգացնել փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիան և ներկայումս ուսումնասիրում է միջազգային գործընկերների առաջարկները:
«Մինչև 2050 թվականը միջուկային էներգիայի զարգացման ճանապարհին որակավորված աշխատուժը կլինի միջուկային ոլորտի հիմքը»,- ընդգծել է Փաշինյանը՝ կարևորելով միջազգային համագործակցությունը կադրերի պատրաստման գործում:
Նա հավաստիացրել է, որ Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ամբողջ ընթացքում միջուկային կամ ճառագայթային անվտանգության հետ կապված որևէ միջադեպ տեղի չի ունեցել:
Փաշինյանը Փարիզում այսօր հանդիպել է նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հետ։ Մտքեր են փոխանակվել Հայաստանի էներգետիկ ոլորտում ընթացող ծրագրերի, փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիաների, միջուկային էներգետիկայի զարգացման հեռանկարների շուրջ։





































