Հայաստանի կենտրոնական բանկի խորհուրդը վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է 0,25 տոկոսային կետով՝ 6,75%-ից հասցնելով 7%-ի, մամուլի ասուլիսում հայտնել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։ Որոշման հիմքում գնաճային ճնշումների ավելացման ռիսկերն են՝ ներքին պահանջարկի աճի, համաշխարհային տնտեսությունում չեզոք տոկոսադրույքի բարձրացման և տարածաշրջանային հակամարտությունների տևականության պայմաններում։
Գալստյանի խոսքով՝ ԿԲ խորհուրդը դիտարկել է նաև հակառակ ուղղությամբ ազդող ռիսկերը՝ համաշխարհային տնտեսության աճի դանդաղումը, հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների հեռանկարների անորոշության պայմաններում ներդրումային ու սպառողական վստահության թուլացումը և Հայաստանի երկրի ռիսկի հավելավճարի նվազումը։ Սակայն որոշում կայացնելիս խորհուրդն առաջնահերթ է համարել գնաճն արագացնող գործոնների հնարավոր ազդեցության կառավարումը։
ԿԲ-ն կշարունակի հետևել տնտեսության զարգացումներին և անհրաժեշտության դեպքում քայլեր ձեռնարկել՝ միջնաժամկետ հատվածում գնաճը 3% նպատակային ցուցանիշին մոտեցնելու համար։
Գալստյանը հայտնել է նաև, որ 2026 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվության աճը որոշակիորեն դանդաղել է։ Աճին շարունակում են հիմնականում նպաստել շինարարությունն ու ծառայությունները։ ԿԲ գնահատմամբ՝ ավելցուկային պահանջարկի առկայության մասին են վկայում նաև վերջնական սպառման ապրանքների ներմուծման և մանրածախ առևտրի աճի բարձր ցուցանիշները։
Հայաստան այցելողների թվի և այցելությունների տևողության աճն իր հերթին կարող է արագացնել համապատասխան ոլորտներում աշխատավարձերի և ծառայությունների գների բարձրացումը։ Միաժամանակ պահպանվում է հակառակ ազդեցության ռիսկը․ Ռուսաստանի ուղղությամբ արտահանման սահմանափակումների հետևանքով ներքին շուկայում կարող է ձևավորվել ապրանքների ավելցուկային առաջարկ։
Անդրադառնալով գազի հնարավոր թանկացմանը՝ Գալստյանը ներկայացրել է պայմանական հաշվարկ․ գնի 10% բարձրացման դեպքում ընդհանուր գնաճը կարող է մոտ 0,8 տոկոսային կետով ավելի բարձր լինել։ Նա ընդգծել է, որ սա զգայունության վերլուծություն է, ոչ թե գազի սպասվող թանկացման կանխատեսում։ ԿԲ-ն գնի փոփոխության չափի և մյուս անհրաժեշտ պարամետրերի վերաբերյալ հստակ տեղեկություններ չունի։
Ըստ հաշվարկի՝ ուղղակի ազդեցությունը կկազմի 0,6 տոկոսային կետ՝ գազի սպառման, գազալցակայանների և էլեկտրաէներգիայի արտադրության մեջ գազի բաղադրիչի հաշվին։ Գազ օգտագործող այլ ճյուղերում ապրանքների թանկացումը կարող է ավելացնել ևս 0,1–0,2 տոկոսային կետ։
Գալստյանը զգուշացրել է, որ այս հարաբերակցությունը չի կարելի մեխանիկորեն կիրառել գազի գնի ավելի մեծ փոփոխությունների նկատմամբ․ ազդեցությունը կախված կլինի փաստացի զարգացումներից։
ԿԲ նախագահն անդրադարձել է նաև անշարժ գույքի շուկայում գների հնարավոր ճշգրտմանը։ Նա խուսափել է շուկայի վիճակը «փուչիկ» բնորոշելուց, սակայն հաստատել է, որ գների ճշգրտման սցենար կա։
Այս համատեքստում Գալստյանը կարևորել է ԿԲ գործիքակազմի կիրառումը, որը ֆինանսական համակարգին թույլ կտա հաղթահարել հնարավոր դժվարությունները՝ առանց մարդկանց խնայողությունները վտանգելու։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։





